Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն ամփոփել է «Los 100 de MARCA» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները՝ հրապարակելով 2025/26 մրցաշրջանի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է armsport.am-ը։ Հատկանշական է, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերի կողքին լավագույն հարյուրյակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Հարի Քեյնը։ Թեժ և անզիջում պայքարում անգլիացի ռմբարկուն ընդամենը 25 միավորով է գերազանցել նախորդ տարվա հաղթող, «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալին (3962 միավոր՝ 3937-ի դիմաց)։ Լավագույն եռյակը եզրափակել է Կիլիան Մբապեն՝ 3440 միավորով։ Այս հաղթանակով Քեյնը միացել է մրցանակի նախկին դափնեկիրների պատվավոր ցանկին, որտեղ են Կարիմ Բենզեման (2021/22), Էրլինգ Հալանդը (2022/23), Վինիսիուս Ժունիորը (2023/24) և Լամին Յամալը (2024/25)։ Քվեարկությանը մասնակցել է 226 անդամից բաղկացած միջազգային ժյուրին՝ ներառյալ Marca-ի և համաշխարհային այլ առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, նախկին ֆուտբոլիստներ ու մարզիչներ։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ 100 հավակնորդներից ընտրել է իր լավագույն 15-յակը (1-ին տեղ՝ 30 միավոր, 2-րդ տեղ՝ 25, 3-րդ տեղ՝ 23 և այլն)։ Լավագույն տասնյակում, Քեյնից, Յամալից և Մբապեից բացի, հաջորդաբար տեղ են գտել Ռոդրին, Խվիչա Կվարացխելիան, Լիոնել Մեսսին, Ֆաբիան Ռուիսը, Մայքլ Օլիսեն, Ուսման Դեմբելեն և Պաու Կուբարսին։ Սա մրցանակաբաշխության պատմության ամենալարված և ամենաշատ ձայներ հավաքած քվեարկությունն էր։ Հարի Քեյնի ֆենոմենալ ցուցանիշները 2025/26 մրցաշրջանում Ժյուրիի ընտրության հարցում վճռորոշ են եղել անգլիացու նվաճած տիտղոսներն ու խփած գոլերի տպավորիչ քանակը։ Թիմային մակարդակում նա «Բավարիայի» հետ ձևակերպել է ներքին թրեբլ՝ հաղթելով Գերմանիայի առաջնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը, իսկ Անգլիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (7 խաղում խփելով 6 գոլ)։ Անհատական մակարդակում Քեյնը նվաճել է «Եվրոպական Ոսկե խաղակոշիկը», երրորդ տարին անընդմեջ դարձել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու (36 գոլ) և ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում։ Նրա մյուս ռեկորդային ցուցանիշները պակաս տպավորիչ չեն. 73 գոլ՝ 65 խաղում. 2025-ի օգոստոսից մինչև 2026-ի հուլիսը Քեյնը «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի կազմում խփել է 73 գոլ։ Պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում է միայն Լիոնել Մեսսին (82 գոլ՝ 69 խաղում, 2011/12 մրցաշրջան)։ 61 գոլ ակումբային մակարդակում. Բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում նա դարձել է 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին անգամ մեկ մրցաշրջանում նման արդյունավետություն ցույց էր տվել Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 2014/15 մրցաշրջանում։ Չեմպիոնների լիգա և Գավաթ. 13 գոլով նա դարձել է ՉԼ-ի երկրորդ լավագույն ռմբարկուն (զիջելով միայն 15 գոլ խփած Մբապեին)՝ գրավելով մրցակիցների դարպասը թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ Գերմանիայի գավաթի փլեյ-օֆֆի բոլոր փուլերում։ Մունդիալների պատմության թոփ-5. Աշխարհի առաջնություններում իր գոլերի թիվը հասցնելով 14-ի՝ Քեյնը բարձրացել է Մունդիալների պատմության լավագույն ռմբարկուների 5-րդ հորիզոնական։ —00—ԼԱ The post Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է appeared first on 24News .