ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։ Նախկին քահանաները դատարանից պահանջել էին անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունները և վերականգնել համապատասխանաբար Սուրբ Հովհաննավանքի և Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է՝ երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։ «Դատարանները հաստատել են նաև, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից։ Երկու որոշումներով էլ դատարանները նախատեսել են նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը, որոնցով պարտավորեցվել էր Մայր Աթոռին ապահովել նախկին քահանաների պաշտոնավարումը։ Այս որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։ Պետության և Եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը։ Միևնույն ժամանակ, եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։ Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը նաև կրոնի ազատության և իրավական պետության սկզբունքների պաշտպանությունն է»,- նշել է Զոհրաբյանը։ The post Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան appeared first on Ազգ .