Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը Մարսելում։ Այս մասին հայտնել է La Provence տարածաշրջանային թերթը։ Պարբերականի տեղեկություններով՝ արգելքը տարածվում է նաև ամբողջ դեպարտամենտի վրա։ Բացի այդ, Մարսելում պարետային ժամ կգործի շաբաթից կիրակի և կիրակիից երկուշաբթի գիշերները։ Այն կգործի տեղական ժամանակով 23:00-ից մինչև 05:00-ը։ Շաբաթ օրը կարգելվի նաև վառելիքի փոխադրումը։ Ավելի վաղ տարածաշրջանների պրեֆեկտներն արգելել էին ցույցերը նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Հավրում, Լիոնում և Նիցցայում։ Փարիզում թույլատրվել է միայն արհմիությունների ցույցը՝ նախապես համաձայնեցված երթուղով։ Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 550 հազար։ Սա երկու անգամ գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։