2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների այցելությունների թիվն աճել է, սակայն մեկ այցելության հաշվով նրանց միջին ծախսը մոտ երեք անգամ պակաս է եղել Եվրամիության անդամ երկրներից և Միացյալ Թագավորությունից ժամանած այցելուների ծախսերից։ Ազգային բանկի և Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրների և Միացյալ Թագավորության այցելուների միջին ծախսը կազմել է մոտ 1,405 ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանի քաղաքացիների պարագայում այդ ցուցանիշը 491 դոլար էր։ Ավելի կոնկրետ, Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին Վրաստան է կատարվել Ռուսաստանի քաղաքացիների 1 մլն 306 հազար 623 այցելություն։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 60 հազար 879 այցելությամբ կամ 4.9%-ով։ Ռուսաստանի քաղաքացիները դեռևս հանդիսանում են Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկը։ 2026 թվականի առաջին ինն ամիսներին նրանց բաժին է ընկել միջազգային այցելությունների մոտ 21.4%-ը։ Այցելությունների աճին զուգահեռ փոքր-ինչ ավելացել են նաև Ռուսաստանից ժամանած այցելուների կողմից Վրաստանում կատարված ծախսերը։ Ազգային բանկի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների ծախսերը կազմել են 641.3 միլիոն ԱՄՆ դոլար, այնինչ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 560.3 միլիոն դոլար էր։ The post Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկը appeared first on AliQ Media .