Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքները ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ ներկայացնելով բնության պահպանությանն ուղղված իր գործունեությունն ու նախաձեռնությունները։ Այսօր Կոմիտեի տաղավարում ՊԵԿ ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներն էին։ Կենտրոնի մասնագետներն այցելուների հետ զրուցել են կենսաբազմազանության պահպանության գործում կրթության և մասնագետների կարողությունների զարգացման կարևորության, ինչպես նաև կանաչ մտածելակերպի ձևավորման շուրջ։ Շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք լիարժեք տիրապետում են բնապահպանական պահանջներին և կարողանում են գործել հանուն բնության։ Այս համատեքստում կարևոր ներդրում ունի ՊԵԿ ուսումնական կենտրոնը՝ նպաստելով մաքսային և հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացմանը՝ հօգուտ բնապահպանական պատասխանատվության բարձրացման։ Օրվա ընթացքում անդրադարձ է կատարվել Կանաչ մաքսատուն գաղափարին, մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածության դերին՝ վայրի կենդանիների և բույսերի ապօրինի առևտրի, վտանգավոր թափոնների և սահմանափակման ենթակա նյութերի անօրինական տեղափոխման կանխարգելման համատեքստում։ Ներկայացվել են նաև մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության աջակցման ուղղությամբ նախատեսվող կրթական քայլերը։ COP17-ի շրջանակում ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից պատրաստվել է նաև Կանաչ փաստաթուղթ, որի միջոցով ներկայացվել է համաժողովի նշանակությունը, Կանաչ մաքսատուն գաղափարը, Կենտրոնի դերակատարումն ու յուրաքանչյուր քաղաքացու հնարավոր ներդրումը բնության պահպանության գործում։ Անդրադարձ է կատարվել նաև դասընթացների շարունակական թվայնացմանը, որը նպաստում է թղթի և այլ ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը։ Ընդգծվել է COP17-ի շրջանակում միջազգային համագործակցությունն ամրապնդելու և բնության ապօրինի առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու կարևորությունը։