ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու, գործարար Սեդրակ Քոչարյանի առնչությունը մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով դատարանը հերքել է։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ նիստից հետո հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։Նշենք, որ հոկտեմբերի 22-ին քննվում էր Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը, որն արդեն ավարտվել է։ Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 10։00-ին։Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին` փաստաբանը շեշտեց, իրավական և համակարգային խնդիր ունի միջազգային տնտեսական իրավունքի, ներպետական իրավունքի տեսանկյուններից։ Պնդեց` փողերի լվացումն առանց նախնական հանցանքի չի կարող դրսևորվել։ «Սկզբում պետք է լինի նախնական պրեդիկատ (նախորդող հանցագործություն) հանցագործություն, որով գույք ձեռք բերվի, որը փողերի լվացման հանցակազմի միջոցով լեգալիզացիայի ենթարկվի։ Այս առումով էլ մենք խնդիր ենք տեսնում։ Միջնորդությունն էլ խոչընդոտի համատեքստում է քննարկվում, ինչը ևս չի կարող պատշաճ հիմնավորում լինել։ Պատճառն այն է, որ վերաբերելի իրադարձությունները եղել են 2001, 2006, 2009 թվականներին և օբյեկտիվորեն խոսել խոչընդոտի հավանականության մասին, մանավանդ, երբ փաստաթղթերն ու գործարքներն են վեճի առարկա դարձվում, իրատեսական չէ»,– ասաց Կոչուբաևը։ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: