Կառավարությունը պահուստային ֆոնդից 148,5 մլն դրամ է հատկացրել Ջեսելսոնի մասնավոր հավաքածուից երկու արժեքավոր հայկական ձեռագիր ձեռք բերելու և Մատենադարան տեղափոխելու համար։ Խոսքը 1353 թվականին Դրազարկում անվանի մանրանկարիչ Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695 թվականին Նոր Ջուղայում Ազարիա գրչի ստեղծած Ավետարանի մասին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմամշակութային արժեքները Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակական է լինելու՝ ընդգծելով, որ նման ձեռքբերումները նաև գիտության ֆինանսավորում են։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Գործադիրի որոշմամբ 148,5 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ Ջեսելսոնի մասնավոր հավաքածուի հինգ հայկական ձեռագրերից երկուսը ձեռք բերելու նպատակով։ Գումարը կուղղվի երկու ձեռագրի՝ 1353 թ. Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695 թ. Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և առատորեն ծաղկած Ավետարանի գնմանը և Մատենադարան տեղափոխմանը: Երկու մատյաններից վաղագույնը 1353թ. Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է (գնահատված արժեքը՝ 250,000 եվրո), որը բովանդակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Մանրանկարչությունը զուսպ է՝ բնորոշ համանման ձեռագրերին. այն հիմնականում սահմանափակվում է զարդատառ գլխագրերով և սրբերին պատկերող լուսանցային մանրանկարներով։ Ձեռագիրն ունի նաև պատառիկ-պահպանակներ, որոնք պարունակում են հատվածներ Ղուկասի Ավետարանից։ Պատառիկների հիմնական գիրը բոլորգիծ երկաթագիրն է՝ ուղղագիծ երկաթագրի առանձին դրսևորումներով։ Հնագրական հատկանիշներով պատառիկ-պահպանակները թվագրվում են 10–11-րդ դարերով։ Թեև ձեռագիրն իր վաղեմությամբ, գրչավայրով, պարունակած բնագրերով, պատառիկ-պահպանակներով և հարուստ հիշատակարաններով արդեն իսկ բացառիկ արժեք ունի, դրան ավելանում է նաև մատյանն ընդօրինակած գրչի և ծաղկողի՝ Սարգիս Պիծակի գործոնը։ Պիծակը կիլիկյան մանրանկարչական արվեստի լավագույն ներկայացուցիչներից և հայկական մանրանկարչության երևելի դեմքերից է։ Նա նաև արդյունաշատ գրիչ է եղել։ Պիծակից մեզ հայտնի է շուրջ չորս տասնյակ մատյան, որոնցից չորսը պահպանել են գրիչ-ծաղկողի ինքնանկարը։ Մատենադարանում ներկայումս պահվում է Պիծակի գրչին պատկանող կամ նրան վերագրվող ավելի քան տասը ձեռագիր։ Ձեռք բերվող ձեռագիրը Պիծակի ուշ շրջանի գործերից է։ Մեզ հայտնի չէ 1353 թվականից հետո Պիծակի ընդօրինակած և ծաղկած որևէ այլ մատյան, ինչն այս ձեռագրին հաղորդում է նաև առանձնահատուկ կենսագրական և արվեստաբանական նշանակություն։ Առանձնահատուկ արժեք ունի նաև ձեռագրի կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը, որը մինչ օրս բավարար գիտական ուսումնասիրության չի արժանացել։ Ձեռագրի և փղոսկրե հարթաքանդակի մեկ ամբողջության մեջ պահպանումը բացառիկ հնարավորություն է դրա ծագման, թվագրման և գործառույթի հետագա ուսումնասիրության, ինչպես նաև միջնադարյան ձեռագրական և կիրառական արվեստների փոխառնչությունների բացահայտման համար։ Երկրորդ մատյանը 1695թ. Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և առատորեն ծաղկած Ավետարանն է (գնահատված արժեքը՝ 95,000 եվրո)։ Տերունական պատկերները, սուրբգրային տեսարաններն արտացոլող մանրանկարները, խորանների ներքո տեղադրված համաբարբառային աղյուսակները, լուսանցազարդերն ու զարդատառերն աչքի են ընկնում հարուստ գունաշարով և Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին բնորոշ նուրբ գծանկարչությամբ։ Ազարիան հայտնի գրիչ և ծաղկող է, նրանից մեզ հայտնի են նաև այլ ձեռագրեր, իսկ այս մատյանը վստահորեն կարելի է դասել Նոր Ջուղայի դպրոցի լավագույն նմուշների շարքին։ Գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից։ Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ծախսը ևս գիտության ֆինանսավորում է։ «Հայաստանի, հայ ժողովրդի պատմության համար նշանակություն ունեցող գիտամշակութային և պատմամշակութային արժեքներ են բերվում Հայաստան։ Սա, ընդ որում, Իրական Հայաստանի գաղափարախոսության գործնական արտահայտություններից մեկն է, որովհետև մենք կարծում ենք, որ ՀՀ-ն է այն կենտրոնը, որտեղ պետք է հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքների գերակշիռ մասը կենտրոնացված լինի»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական։ Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է նաև, որ բացի գիտական հաստատությունից, թանգարաններին պետք է վերաբերվել՝ որպես տնտեսական ուղղություն»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Factor.am / 19 minutes ago

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
Factor.am / 37 minutes ago

Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
Factor.am / 49 minutes ago

Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 59 minutes ago
Related coverage

World Travel Awards. Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն
Sputnik Armenia / 2 hours ago

Քերոլայն Մուգար․ ««Հայաստանի ծառատունկի ծրագրով» անտառտնկման շատ ամուր հիմք ենք դրել, բայց դեռ այդ ճանապարհի սկզբնամասում ենք»
Hetq / 3 hours ago

ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը
24TV / 24News / 3 hours ago

«Հայ վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ին
Aravot / 3 hours ago