ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մշակույթի, արվեստի և հասարակական հայտնի 60 հայ գործիչներ կոչ են արել իշխանություններին դադարեցնել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ քրեական հետապնդումը։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ` նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո խուզարկություններ իրականացվեցին, ապա Թևանյանը կալանավորվեց։Նշել են` իշխանությունների նման գործելաոճը հասարակության մոտ առաջացնում է անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ, ինչն ավելի է խտացնում պետականության հանդեպ անտարբերության և հիասթափության մթնոլորտը: Մտավորականները պահանջում են նաև հրապարակային արդարադատություն (նիստերը դռնփակ են իրականացվում – խմբ.), քանի որ իրենց կարծիքով տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է։Հայտարարության տակ ստորագրել է 60 մշակույթի և արվեստի գործիչ, որոնցից են` դերասաններ Հրանտ Թոխատյանը, Լևոն Հարությունյանը, երգիչներ Արամոն, Էմմա Պետրոսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Աննա Մաիլյանը, Դավիթ Ամալյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, բեմադրիչ Ժիրայր Դադասյանը, գրողներ Լևոն Ջավախյանը, Հուսիկ Արան, Մերուժան Տեր-Գուլանյանը և այլք։