ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Ստամբուլում անցկացվող Վերոնայի 19-րդ եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում Alpha News -ի հետ զրույցում անդրադարձել է Եվրամիության հետաքրքրությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ և Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի բացասական արձագանքի պատճառներին։ «Ամեն ինչ շատ պարզ է։ Տեսեք՝ Եվրամիությունը Ռուսաստանին բնութագրել է որպես գլխավոր ռազմավարական սպառնալիք՝ ուղղակի, անմիջական, իսկ այժմ նաև երկարաժամկետ սպառնալիք։ ԵՄ-ի քաղաքականությունն այժմ Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելն է։ Սա առաջինը։ Եվ նրանք իսկապես պատրաստվում են այդ պատերազմին։ Այս մասին ես մանրամասն խոսել եմ։ ԵՄ երկրների ռազմական բյուջեների ընդհանուր ծավալն արդեն հասել է 450 միլիարդ եվրոյի։ Եթե նրանք կատարեն ՆԱՏՕ-ի ընդունած չափորոշիչը՝ համախառն ներքին արդյունքի 5%-ը հատկացնել ռազմական կարիքներին, ապա ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի մեկ տրիլիոն եվրո։ Ավելին՝ նրանք բացահայտ հայտարարում են, որ անհրաժեշտ է զսպել Ռուսաստանին բոլոր ոլորտներում և բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Բալկաններում, Հարավային Կովկասում և Բալթյան տարածաշրջանում։ Այժմ հանկարծ սկսել են մտահոգվել, թե իբր Արկտիկան դառնում է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, և այնտեղ նույնպես անհրաժեշտ է զսպել Ռուսաստանին», -նշել է Ալեքսանդր Գրուշկոն։ Փոխնախարարի խոսքով՝ Եվրամիությունը Հարավային Կովկասն օգտագործում է Ռուսաստանի դեմ հակազդեցության համար՝ զգալի ճնշում գործադրելով տարածաշրջանի այն պետությունների վրա, որոնք ձգտում են եվրոպական ինտեգրման կամ դիտարկում են այդ հեռանկարը։ «ԵՄ-ի համար Հարավային Կովկասը Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման թատերաբեմ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշման մեթոդներ են նրանք կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են, որ անդամակցելու են Եվրամիությանը, մտածում են անդամակցելու մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու։ Այդ երկրներից պահանջում են հրաժարվել սեփական ինքնուրույն քաղաքական դիրքորոշում ունենալու իրավունքից։ Ավելին՝ դեռևս Եվրամիությանն անդամակցելուց առաջ, որպես հիմնարար պայման, նրանց պարտադրում են միանալ ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև միանալ նրա բոլոր հայտարարություններին։ Իսկ այդ հայտարարությունների 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ուստի ռիսկերը չտեսնելը պարզապես անհնար է։ Այո՛, ինչպես նշել է նախագահը, մենք հարգում ենք պետությունների ընտրությունը։ Սակայն ելնում ենք այն հանգամանքից, որ պետությունների ղեկավարները պետք է ճիշտ գիտակցեն դրա հետ կապված բոլոր ռիսկերը։ Պետք է հաշվի առնել նաև, որ Հարավային Կովկասը մեկուսացած չէ աշխարհից։ Այստեղ կան պատմական երկկողմ կապեր, տարածաշրջանի բազմաթիվ պետություններ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամներ են։ Գոյություն ունեն բազմաթիվ նախագծեր, որոնք ընդհանուր առմամբ կապված են այդ պետությունների հետ։ Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ որքան քիչ լինի տարածաշրջանին չպատկանող երկրների ազդեցությունը, այնքան ավելի կայուն կլինի իրավիճակը։ Մենք լիովին ի վիճակի ենք ինքներս նստել բանակցությունների սեղանի շուրջ և, ինչպես դա արել ենք դարեր շարունակ, լուծել մեր միջև ծագող բոլոր խնդիրները»,- հայտարարել է Գրուշկոն։ The post ԵՄ-ի ներկայիս քաղաքականությունը Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելն է․ Ալեքսանդր Գրուշկո appeared first on Alphanews .