Ախուրյան խոշորացված համայնքում 2026թ.-ի հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանն ընթանում է առանց ինտրիգների: Քարոզարշավ իրականացնում է միակ թեկնածուն՝ խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Զավեն Մանուկյանը: Եթե նրա թիմին հաջողվի ստանալ ընտրությունների մասնակիցների կեսից ավելիի քվեն (50+), ապա հաջորդ 5 տարին Ախուրյան խոշորացված համայնքը միանձնյա կղեկավարի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի իրավաբան, ընտրական և ՏԻՄ ոլորտի փորձագետ Վիկտորիա Եղոյանն ասում է, որ Ախուրյանում առաջադրված միակ քաղաքական ուժի հաղթանակի դեպքում քաղաքական բազմակարծության մասով սահմանափակման ռիսկ է առաջանում: Զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ չեն կիրառվի,- պնդում է Վ.Եղոյանը,- այլ քաղաքական ուժերի բացակայությունը կարող է նվազեցնել համայնքային որոշումների քննարկման ընթացքում առաջարկների ներկայացման, որոշումների հիմնավորվածության նկատմամբ քաղաքական վերահսկողության հնարավորությունը: Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջադրումը և մրցակցության բացակայությունը ստեղծում են քաղաքական ու կառավարման լուրջ մարտահրավերներ: Առանց քաղաքական այլընտրանքի և առողջ մրցակցության, տեղական ինքնակառավարումը կորցնում է իր բուն էությունը՝ վերածվելով կենտրոնական իշխանության որոշումները մեխանիկորեն հաստատող կառույցի: Անգամ, եթե մեկ ուժի կողմից իշխանության ձևավորումը տեխնիկապես իրավական է (չի խախտել օրենքի տառը), ապա առանց ընդդիմության այն կորցնում է իր լեգիտիմությունը (հանրային և միջազգային ճանաչումն ու վստահությունը): Վիկտորիա Եղոյան Իհարկե, չենք կարող միանշանակ պնդել, որ մեկ քաղաքական ուժի դեպքում ոչ արդյունավետ որոշումներ կընդունվեն, սակայն երբ ունենք այլ քաղաքական ուժեր, լինում են քննարկումներ, այլակարծություն է լինում, ինչ-որ տեղ զսպող ուժ, արդեն իսկ աշխատանքի վերահսկողության մեխանիզմներ ենք ունենում,- նկատում է Վ. Եղոյանը,- հասկանալի է, որ շատ դեպքերում փոքր կազմ ունեցող ընդդիմությունը չի ուզում ակտիվ գործել, քանի որ իշխանական թևը սովորաբար մերժում է ընդդիմության նախագծերը: Բայց լինում են դեպքեր, երբ որոշ ժամանակ անց այդ մերժված առաջարկներն իշխանությունն ինքն է որոշակի փաթեթավորմամբ բերում քննարկման: Նշանակում է, թեկուզ այդ տարբերակով, ընդդիմությունը ստիպում է իշխանությանն աշխատել: Այդ առումով (բազմակարծություն, քննարկումներ, նախագծերի մերժումներ և այլն), հաջողված օրինակ կարող է համարվել Գյումրու ներկայիս ավագանին, որտեղ քննադատության առումով ակտիվ է ոչ միայն ընդդիմության դիրքերից հանդես եկող ՔՊ խմբակցությունը: Քաղաքային իշխանության աշխատանքային թերացումերի և կառավարման առումով արձանագրած բացթողումների վերաբերյալ բարձրաձայնումներով հաճախակի հանդես է գալիս նաև Մեր քաղաքը խմբակցությունը: Ախուրյանում, ցավոք, նման պատկեր դժվար կլինի պատկերացնել, որովհետև ստացվելու է այնպես, որ ավագանու 27 անդամն էլ մեկ կուսակցության ներկայացուցիչ են լինելու, դեռևս պարզ չէ, թե ինչ գիտելիքների բազայով և օրենքների իմացությամբ: Գալու են, խելոք ձեռք բարձրացնեն, գնան, այսինքն քննադատություն չի հնչելու, դեմ քվեարկող չի լինելու: Բնակիչների գիտակցման հույսին է մնում կառավարման ընթացքում ակտիվություն ցուցաբերելն ու խնդիրները բարձրաձայնելը, ի վերջո ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեն և կարող են ազդել իրենց ակտիվությամբ ավագանու որոշումների վրա: Արդյո՞ք բնակիչները պատրաստ են ամեն անգամ բարձրաձայնել հայտնաբերած թերությունները, և ինչ արձագանք է լինում բարձրաձայնումներից հետո: Բավական ցայտուն օրինակ է Ախուրյան խոշորացված համայնքի կազմում գտնվող Կապս բնակավայրում փողոցաշինությունից դժգոհող բնակչի տեսանյութը, որ հոկտեմբերի 7-ին հայտնվել էր համացանցում: Կապս գյուղ Հաջորդ օրը, քարոզարշավի շրջանակում, գյուղ էր հասել ՔՊ թեկնածու, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը: Նրա թիմի հրապարակած կարճ տեսանյութում անդրադարձ կա միայն կատարված աշխատանքներին և ոչ մի բառ թերացումների մասին: Հոկտեմբերի 9-ին Ազատություն ռադիոկայանի թղթակիցը ռեպորտաժ էր հրապարակել, որտեղ բնակիչները ոչ միայն դժգոհում են, այլև նշում, որ եկել են պատասխանատուները և իրենց հորդորել չբողոքել, այլապես շինարարությունը չի շարունակվի: Ախուրյանը միակ համայնքը չէ, որտեղ ընտրությունների են գնալու մարդիկ՝ չունենալով այլընտրանք: Այս ՏԻՄ ընտրություններից հետո մի քանի համայնքներում ունենալու ենք մեկ քաղաքական ուժի իշխանություն: Եվ այո՛, հետագայում անչափ կարևորվելու է լրագրողների լուսաբանումներն այդ համայնքներում: Բայց բնակիչները հենց ընտրության օրն էլ կարող են փոխել ընտրությունների արդյունքների պատկերը,- ասում է Վիկտորիա Եղոյանը,- ինչպես գիտեք կա երկու նշում քվեաթերթիկի վրա՝ Դեմ և Կողմ: Ընտրողը, դեմ քվեարկելով, կարող է արտահայտել իր դիրքորոշումը: Եթե միակ թեկնածուն հավաքի 49 տոկոս՝ ընտրությունները կհամարվեն չկայացած և կնշանակվի նորը՝ նույն պայմաններով բոլոր թեկնածուների համար: Գլխավոր լուսանկարը՝ Արսեն Գրիգորյանի