Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի Հայ Վիրտուոզներ ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում։ Բնապահպանությանը նվիրված միջազգային միջոցառման շրջանակում պատանի երաժիշտները դասական երաժշտության միջոցով իրենց արվեստը ներկայացրին համաժողովի այցելուներին՝ երաժշտությունը դարձնելով արվեստի, բնության և ապագայի շուրջ երկխոսության մի մաս։ Համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես հայ կոմպոզիտորների, այնպես էլ համաշխարհային երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններ։ Հնչեցին Արամ Խաչատրյանի Այշեի պարը՝ Գայանե բալետից, և Վալսը՝ Դիմակահանդես դրամայի երաժշտությունից, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Ճերմակ անուրջներ և Կտոր մը երկինք կինոֆիլմերից, ինչպես նաև Էնրիկե Ֆերնանդեզ Արբոսի Բոլերոն, Դմիտրի Շոստակովիչի Պրելյուդ և պոլկան ու Վալս № 2-ը։ Ծրագիրն ամփոփվեց Ֆրեդի Մերկուրիի We Are the Champions ստեղծագործությամբ։ Ելույթը ևս մեկ անգամ ընդգծեց արվեստի միավորող ուժը և մշակույթի դերը՝ կարևոր գաղափարներ ու արժեքներ փոխանցելու գործում։Երաժշտությունը միավորեց արվեստն ու բնության հանդեպ հոգատարությունը՝ հիշեցնելով, որ մեր այսօրվա ընտրություններն են ձևավորում վաղվա աշխարհը, որը ցանկանում ենք տեսնել ներդաշնակ, գեղեցիկ և հոգատարությամբ լի։ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը Հայ Վիրտուոզներ ծրագրի միջոցով շարունակում է աջակցել շնորհալի պատանի երաժիշտներին՝ ստեղծելով հնարավորություններ նրանց մասնագիտական զարգացման, ստեղծագործական ինքնադրսևորման և տարբեր հարթակներում ներկայանալու համար։