ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության նիստից հետո այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր` եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների: Այս մասին այսօր «Ֆեյսբուքում» գրառում է կատարել տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելու համար կարող է նաև արտահերթ ընտրությունների գնալ։Նա հիշեցրել է նաև ընդդիմության «տիտղոսային հատվածի» այն հայտարարությունը, թե փողոցային պայքարը սկսելու է մեկ անգամ և պատեհ պահին: ՀՀԿ փոխնախագահի խոսքով` գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, ապա իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև: Առաջին սցենարը, ըստ Աշոտյանի, «Ալիևյան» սահմանադրության ընդունման գործընթացն է։ «Այս սցենարը հնարավոր է, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից պոկել բացակայող վեց մանդատները և սահմանադրության նոր տարբերակը հանել հանրաքվեի»,– նշել է նա։2–րդ սցենարը արտահերթ ընտրություններն են, որը կյանքի կկոչվի, եթե Փաշինյանին մի կողմից չհաջողվի պոկել վեց բացակայող ձայները, մյուս կողմից խորհրդարանական և հավաքական ընդդիմության վարկանիշը ընկնեն այնքան, որ հույս ներշնչեն Փաշինյանին արտահերթ ընտրություններով առավել մեծ ձայներ ստանալու համար։3–րդ սցենարը իմպիչմենտն է, երբ փողոցային պայքարի ներքո խորհրդարանում հաջողվի հավաքել պահանջվող մեծամասնությունը ՔՊ-ական պատգամավորների հաշվին։ՀՀԿ փոխնախագահն այն համոզմանն է, որ ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է` թույլ չտալ.1. «անասնագողություն» 2. հասարակության մեջ չկորցնել, իսկ եթե հնարավոր է, ավելացնել գործող վարկանիշը, որպեսզի կանխել արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը, 3. հատվածական, թեմատիկ, ընթացիկ ակցիաներով և նախաձեռնություններով վառ պահել պայքարի կայծը, հարկ եղած դեպքում դրանից խոշոր հրդեհ ստանալու համար։ Հիշեցնենք` ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ԱԺ–ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը չի պահանջում Հայաստանից փոխել Սահմանադրությունը, պարզապես ասում է, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ դա արված չէ։ Ավելի վաղ՝ 2025-ի մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան: