Իսպանիան ու Իտալիան պայմանավորվել են չեղարկել փոխադարձ սահմանային հսկողությունը, որը երկրները սահմանել էին իսպանական Սեուտայում միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել Իտալիայի և Իսպանիայի ներքին գործերի նախարարներ Մատեո Պիանտեդոզիի և Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Իսպանիայի ՆԳՆ աղբյուրը հայտարարել է, որ որոշում է կայացվել չերկարաձգել սահմանային վերահսկողությունն օդային և ծովային ճանապարհորդությունների համար։ Միևնույն ժամանակ՝ Իտալիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո կայացված որոշումը կուղեկցվի տեղեկատվության փոխանակման ավելացմամբ՝ Շենգեն գոտու ընդհանուր տարածքի լիակատար անվտանգությունն ապահովելու համար ։ Հուլիսի 31-ին Մարոկկոյից տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ ներխուժել էին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք, ինչն իշխանությունների կողմից զորքեր տեղակայելու պատճառ էր դարձել։ Ոմանք փորձել էին լողալով հատել թագավորության սահմանը և խեղդվել էին։ Դրանից հետո Իտալիան կասեցրել էր Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի շրջանակում վիզայի ազատ ռեժիմը և սահմանային վերահսկողություն էր սահմանել։ Ի պատասխան՝ Իսպանիան նմանատիպ որոշում էր կայացրել Իտալիայի դեմ։