Վերջին շրջանում աշխարհի առանձին հատվածներում աճեցին միանգամից 2 վարակիչ հիվանդություններով՝ էբոլայով և ժանտախտով վարակվելու ռիսկերը։ Ժանտախտի հնարավոր տարածման դեպքը տեղի էր ունեցել Ռուսաստանի Իրկուտսկ մարզի Շելեխով քաղաքում։ Տարածված վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին 28-ամյա Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել էր թոքային ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, ինչի հետևանքով էլ, ենթադրաբար, մահացել էր։ Նրա մահից հետո Շելեխովի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը փակվել էր, Իրկուտսկի առնվազն երեք հիվանդանոցում կարանտին է հայտարարվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 4-ին Իրկուտսկի մարզում մեկուսացվել և հոսպիտալիզացվել էր 197 մարդ, որոնք մահացած կնոջ հետ շփվել էին։ Թեև ռուսական կողմը պաշտոնապես հերքել է ժանտախտի տարբերակը, Հայաստանի կառավարությունը նախազգուշական քայլեր է ձեռնարկել․ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Իրկուտսկից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով հանձնաժողով՝ առողջապահության նախարարի գլխավորությամբ, որը համակարգում էր վարակի հնարավոր ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումները։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից(ՀՎԿԱԿ) ArmLur.am -ին հայտնեցին, որ ներկա պահին Հայսատանում ժանտախտի ներբերման և վարակման ռիսկեր գրեթե չկան։ Իսկ էբոլան դեռ սեպտեմբերի կեսից սկսել էր տարածվել Կոնգոյում, Քենիայում, Նիգերիայում։ Ըստ ՀՎԿԱԿ-ի տարածած թարմացված տվյալներ հոկտեմբերի 20-ի դրությամբ այս պետություններում միասին վերցրած շուրջ 4600 մարդ է մահացել էբոլայից։ Հոկտեմբերի 15-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես վերահսկողություն է իրականացրել, որ Բունդիբուգյո վիրուսը (էբոլա) Հայաստան չներթափանցի։ Հսկողությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ՝ այն ժամանակահատվածներում, որոնցով COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն են ժամանում առողջապահության նախարարության կողմից տրամադրված ցանկում ընդգրկված պետություններից կամ տարածքներից անձինք։ ՀՎԿԱԿ-ի էբոլայի մասին տարածած թարմացված հաղորդագրության մեջ նշվում էր․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր»։ Աննա Հանյան