Եվրամիության ղեկավար կազմը քննարկում է, թե ով կարող է ներկայացնել եվրոպական դիրքորոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններում։ Ինչպես հայտնում է Politico-ն, թեկնածուների շուրջ քննարկումներն ակտիվացել են հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Նախագահ Պուտինը Եվրամիությունը հեղինակավոր կառույց չի համարում,- Axel Springer Global Reporters Network-ին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ Նա չի ցանկանում խոսել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ (Եվրոպական հանձնաժողովի նախագահ՝ խմբ.), չի խոսում Կայա Կալասի հետ (ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ խմբ.)։ Նա դադարել է շփվել նաև եվրոպական այլ առաջնորդների, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի հետ (Ֆրանսիայի նախագահ՝ խմբ.),- նշել է Չեխիայի նախագահը։ Պավելի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Եվրամիությունը պետք է որոշի այն անձին կամ անձանց խմբին, որոնք հանդես կգան Եվրոպայի անունից։ Նա ընդգծել է, որ պարտադիր չէ, որ նրանք լինեն ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Չեխիայի առաջնորդի պնդմամբ՝ բավական է, որ դրանք լինեն առաջնորդներ, որոնց մյուս երկրները բանակցություններ վարելու լիազորություն կտան։ Եվրամիության հնարավոր գլխավոր բանակցողների թվում քննարկվում է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի թեկնածությունը։ Եվրոպական դիվանագիտական աղբյուրները Politico-ին հայտնել են, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդներից Ստուբը, հավանաբար, լավագույն հարաբերություններն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մյուս կարևոր հանգամանքը Ֆինլանդիայի՝ Ռուսաստանի հետ ունեցած երկար սահմանն է։ Politico-ն հիշեցնում է, որ Ստուբն Օսլոյում մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Սթիվ Ուիթքոֆի հանդիպմանը, որը տեղի էր ունեցել մինչև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի ռուսաստանյան այցը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավոր խորհրդական Բյորն Զայբերտը։ Պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ-ի հնարավոր գլխավոր բանակցողների թվում դիտարկվում են նաև ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ Եվրամիության համար չափազանց կարևոր է բանակցություններին մասնակցել որպես միասնական կառույց, այլ ոչ թե ներկայացված լինել առանձին անդամ-պետությունների առաջնորդներով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցող կարող էր լինել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որի հետ նրան կապում են բարեկամական հարաբերություններ։ Մի քանի օր առաջ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել էին, որ Պուտինն ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներին առաջարկել էր եռակողմ հանդիպում անցկացնել՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հարցը։ Պարբերականի տեղեկություններով՝ այդ հանդիպմանը Եվրամիության ներկայացուցիչների մասնակցություն չի նախատեսվում։ Լուսանկարը՝ Mladen Antonov/AFP via Getty Images