ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Պաշտպանական կողմն առաջարկում է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ պայմանական ազատազրկում կիրառել։Նշենք, որ նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ, ինչի համար դատախազը 3-7 տարի ազատազրկում պահանջում Ներսիսյանների համար։Այսօր լրացուցիչ դատալսման ժամանակ փաստաբան Սմբատ Մինասյանը մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ նշեց, մասնավորապես՝ Գևորգ Ներսիսյանի առողջական վիճակը, ինչպես նաև Համբարձում Ներսիսյանի՝ 3 անչափահաս երեխա ունենալը։Պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու՞ է դատախազը 3-7 տարի ազատազրկում պահանջում Ներսիսյանների համար։ Կատակեց՝ իսկ ինչո՞ւ, օրինակ, ցմահ ազատազրկում չի ուզել։Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել փաստական տվյալները, դատավոր Գևորգ Մանուկյանը որոշեց հետաձգել դատական նիստը։Այն կշարունակվի նոյեմբերի 12-ին՝ 15։00-ին։Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Արմավիրի մարզի դատախազ Նարեկ Բարեկյանն Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանի համար պահանջեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նշանակված պատժի ժամկետին հաշվանցելով սույն վարույթով Ներսիսյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը), եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարի 6 ամիս ժամկետով՝ տվյալ քրեական գործով հնարավոր պատժաչափին ավելացնելով ավելի վաղ այլ գործով նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը։Հիշեցնենք նաև` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։Մայիսի 7–ին նրանք ազատվեցին տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։