Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է ՊԵԿ-ի ամփոփած՝ գրանցված աշխատատեղերի ցուցանիշին և նշել, որ սեպտեմբերին արձանագրվել է հերթական ռեկորդը: «Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով ՝ շուրջ 4,9 տոկոսով։ Ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ: 2017 թ. սեպտեմբերի համեմատությամբ, այսինքն՝ նախահեղափոխական սեպտեմբերի համեմատությամբ, մենք այս պահի դրությամբ ունենք 311 հազար 480 աշխատատեղի հավելաճ: Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է մարտահրավերներին և նշել, որ ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում հարաբերություններն են, որոնց շուրջ առաջիկայում կաշխատեք: «Այստեղ մեր ընկալումը հետևյալն է. մեր ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և, իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես պետականությունն ամրապնդելուն: Սրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլև մեկը բխում է մյուսից, և փոխկապակցված են: Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ նաև մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան բավականին լավ է տեղի ունենում, և այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կխորանան: Մենք պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա»,- ասել է երկրի ղեկավարը։ Կարևորելով աշխատատեղերի թվի ավելացումը՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները. «Կարծում եմ, ընդհանուր առմամբ, աշխատանքով բարեկեցության հասնելու ռազմավարությունից պետք է չշեղվենք և շարունակենք այս ճանապարհը։ Այդ ճանապարհին կլինեն մարտահրավերներ, որոնք պետք է կառավարենք»։ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2025 թ. արդյունքներով՝ 2018 թվականից երկրի ՀՆԱ-ի շուրջ 53 տոկոս արձանագրված աճին, նշել է. «Այս դինամիկայով պետք է շարունակենք մեր աշխատանքը և տրամադրվենք, որ պետք է այսպես աշխատենք՝ տնտեսության և տնտեսավարողների համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք աշխատեն, արդյունք ստեղծեն և օրենքով սահմանված հարկերը վճարեն»։