Facebook և Instagram սոցիալական ցանցերը շահագործող Meta ընկերությանը պարտավորեցրել են 25 միլիարդ դոլար վճարել Նյու Մեքսիկո նահանգին։ Սա ընկերության դեմ երբևէ սահմանված ամենախոշոր տուգանքներից մեկն է։ Երդվյալ ատենակալների դատարանը Meta-ին մեղավոր է ճանաչել օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար, գրում է USA Today-ը։ Նահանգի գլխավոր դատախազ Ռաուլ Տորեսը հայտարարել է, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է այս դատավճիռն ընկալեն որպես նախազգուշացում։ Նյու Մեքսիկոյում սպառողների պաշտպանության մասին օրենքների խախտումների համար գանձվող տուգանքներն ուղղվում են նահանգի կրթական համակարգի ֆինանսավորմանը։ «Չափազանց երկար ժամանակ հզոր տեխնոլոգիական ընկերությունները գործել են այնպես, կարծես իրենց չափերն ու ազդեցությունն իրենց վեր են դասում օրենքից։ Այս գործը միշտ էլ վերաբերել է ավելին, քան մեկ ընկերության կամ մեկ սկանդալի։ Խնդիրն այն է, թե արդյոք կորպորացիաները կարող են մոլորեցնել սպառողներին՝ նրանց անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ, և խուսափել էական հետևանքներից»,- ասվում է Տորեսի հայտարարության մեջ։ Սեպտեմբերին երդվյալ ատենակալների դատարանը Facebook-ին մեղավոր էր ճանաչել սպառողների պաշտպանության մասին նահանգային օրենքների շրջանակում 43 միլիոն խախտման համար։ Չորեքշաբթի դատավորը որոշել է, թե որքան պետք է վճարի ընկերությունը։ «Այս վճիռը և գլխավոր դատախազի՝ օրենքի կիրառման այս մոտեցումը գործնականում անհնար են դարձնում Նյու Մեքսիկո նահանգում բիզնես վարելը։ Իր էությամբ այս հայցը նպատակ ունի խոսքի վրա հարկ սահմանել՝ առցանց հարթակներում մարդկանց ասելիքը կարգավորող նոր կանոններ պարտադրելու համար։ Մենք վստահ ենք, որ վերաքննիչ բողոքարկման արդյունքում կհասնենք մեր օգտին վճռի»,- լրատվամիջոցին տված հայտարարության մեջ ասել է Meta-ի գլխավոր իրավաբան Ս.Ջ. Մահոնին։ Դատավճիռը կապված է այն մեղադրանքների հետ, որոնց համաձայն՝ Facebook-ն օգտատերերին մոլորեցրել է տվյալների արտահոսքի վերաբերյալ։ Այդ միջադեպի ընթացքում անձի բնութագրերի որոշման թեստի հավելվածը հավաքել էր մոտ 87 միլիոն օգտահաշվի տվյալներ և դրանք փոխանցել քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությանը՝ ընտրություններին նպատակային գովազդներ ստեղծելու համար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի