Թեև Պետական վերահսկողական ծառայությունը «Հայփոստ»-ում բացահայտել էր շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ, բայց գործը կարճվել է, միլիարդները՝ հայտնի չէ, թե ուր են։ Ի՞նչ է կատարվել «Հայփոստ»-ի ֆինանսների հետ, ի՞նչ ընթացք են ունեցել միլիարդավոր դրամների խախտումները, ինչո՞ւ են պետության հանդեպ ֆինանսական պարտավորությունները տարիներով հետաձգվել, և ի՞նչ արդյունք են տվել ընկերության կառավարման փոփոխությունները։ Factor TV -ն ուսումնասիրել է ՊՎԾ հայտարարությունը, «Հայփոստ»-ի ֆինանսական հաշվետվությունները, կառավարության որոշումներն ու պետական մարմինների պատասխանները։ ՊՎԾ-ի արձանագրած 4,1 մլրդ դրամի խախտումները և կարճված քրեական վարույթը 2023 թվականի մայիսին Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հայտարարել էր , որ «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի տարաբնույթ խախտումներ։ Ուսումնասիրությունը հիմնականում վերաբերել էր 2017-2021 թվականներին ընկերության կառավարման արդյունավետությանը, եկամուտներին ու ծախսերին, դեբիտորական պարտքերին, գույքին, վարձակալություններին, շինարարական աշխատանքներին և գնումների գործընթացներին։ ՊՎԾ-ն ուսումնասիրության արդյունքներն ուղարկել էր Գլխավոր դատախազություն։ Դրանց հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը, սակայն, 2024 թվականի նոյեմբերի 29-ին կարճվել է հանցանքի բացակայության հիմքով։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ են բացահայտվել նախաքննության ընթացքում, և արդյոք քրեական վարույթի կարճումը նշանակում է, որ ՊՎԾ-ի արձանագրած խախտումները հերքվել են։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ վստահված գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակելու հատկանիշներով։ Վարույթը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատված լինելու հիմքով։ ՔԿ-ն միաժամանակ հայտնել է, որ ՊՎԾ-ի արձանագրած որոշ դրվագներ նախաքննության ընթացքում հերքվել են, իսկ որոշ դրվագներով որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել։ Սակայն թե կոնկրետ որ խախտումներն են հերքվել, և որ դրվագներով է որոշվել քրեական հետապնդում չիրականացնել, Քննչական կոմիտեն չի հստակեցնում՝ նշելով, որ մանրամասներին կարող են ծանոթանալ միայն վարույթի մասնակիցները։ Անպատասխան է մնացել նաև Factor.am-ի հարցը, թե արդյոք նախաքննությամբ հաստատվել է ընկերության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, վատնման կամ օրենքով չնախատեսված եղանակով չարաշահման որևէ դեպք։ Գրավոր հարցմամբ դիմել էինք նաև Պետական վերահսկողական ծառայությանը՝ պարզելու համար, թե ինչ ճակատագիր են ունեցել ուսումնասիրությամբ արձանագրված խախտումները, և որքան գումար է վերականգնվել։ ՊՎԾ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում վերականգնման ենթակա գումարների մի մասը վերադարձվել է «Հայփոստ»-ին, որոշ գումարների վերադարձի համար ընկերությունը նախաձեռնել է դատական գործընթացներ, ինչպես նաև պետական բյուջե են վճարվել շահութաբաժիններ։ Ծառայության պարզաբանմամբ՝ արձանագրված խախտումների մի մասն ունեցել է քաղաքացիաիրավական բնույթ կամ առնչվել է ընկերության հավատարմագրային կառավարչի՝ ֆինանսական ռազմավարության ընտրության իրավասությանը։ Միաժամանակ, աշխատակիցներին աշխատանքից ազատման մասին ուշ ծանուցելու և վերջնահաշվարկները ժամանակին չվճարելու հետևանքով առաջացած տույժերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին՝ այլ քրեական վարույթի շրջանակում իրավական գնահատական տալու համար։ ՊՎԾ-ն չի բողոքարկել քրեական վարույթը կարճելու որոշումը։ Հարցին, թե արդյոք Ծառայությունը վերանայել է 4,1 մլրդ դրամի խախտումների վերաբերյալ իր եզրահանգումները, ՊՎԾ-ն պարզաբանել է, որ արձանագրվել են ֆինանսական, քաղաքացիաիրավական, կորպորատիվ կառավարման և պետության հանդեպ պարտավորությունների չկատարման հետ կապված խախտումներ, որոնց քրեաիրավական գնահատական տալու իրավասությունն ունեցել է վարույթն իրականացնող մարմինը։ Սակայն ՊՎԾ-ն չի հստակեցրել, թե 4,1 մլրդ դրամից որքան գումար է վերականգնվել և որքանն է շարունակում գնահատվել որպես վնաս, չվճարված պարտավորություն կամ ֆինանսական այլ խախտում ։ Այսպիսով, թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ ՊՎԾ-ի պատասխաններից հնարավոր չէ ամբողջությամբ պարզել, թե սկզբնապես արձանագրված խախտումներից որոնք են հերքվել, որոնք են հաստատվել, և որքան գումար է փաստացի վերականգնվել։ Ինչ խախտումներ էր արձանագրել ՊՎԾ-ն ՊՎԾ-ի հրապարակած ուսումնասիրության ամենախոշոր դրվագներից մեկը վերաբերում էր իռլանդական «Escher Group» ընկերությունից ձեռք բերված «Riposte» ծրագրային համակարգին։ «Հայփոստ»-ը հայտարարել էր, որ փոստային ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով շուրջ 1,7 մլն դոլարով գնել էր ծրագրային ապահովումը, որը, սակայն, ըստ ՊՎԾ-ի, երբևէ չի օգտագործվել։ Չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել էր որպես ընկերության ակտիվների ավելացում, ինչի հիման վրա շուրջ 446 մլն դրամ ֆինանսական փոխհատուցում էր վճարվել «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարչին։ Գնման պայմանագրով նախատեսվում էր, որ «Riposte»-ը պետք է օգտագործվեր 2016–2026 թվականներին, սակայն այն այդպես էլ չի օգտագործվել։ Չնայած դրան՝ 2016-2021 թվականներին ծրագրի մաշվածության համար ծախսագրվել էր շուրջ 410 մլն դրամ։ Մասնավորապես՝ 2016 թվականին՝ 24,8 մլն դրամ, 2017-ին՝ 75,8 մլն դրամ, իսկ 2018–2021 թթ՝ տարեկան շուրջ 77,4 մլն դրամ։ ՊՎԾ-ի գնահատմամբ՝ այս գործարքի հետևանքով «Հայփոստ»-ը կրել էր շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս , ինչը բացասաբար էր անդրադարձել նաև պետական բյուջեի նկատմամբ ընկերության պարտավորությունների կատարման վրա։ Առանձին խախտումներ էին արձանագրվել պետությանը վճարվող շահութաբաժինների մասով։ Ըստ ՊՎԾ-ի՝ ընկերությունը չէր վճարել դեռևս 2017 թվականին հաստատված 2,5 մլրդ դրամ շահութաբաժինը, ինչի հետևանքով 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 22-ը հաշվարկվել էր շուրջ 568 մլն դրամ տույժ։ Բացի այդ, ՊՎԾ-ի գնահատմամբ՝ 2019 և 2021 թվականներին ընկերությունը չէր հաշվարկել շուրջ 146 մլն դրամ շահութաբաժին, ինչի համար առաջացել էր ևս շուրջ 11 մլն դրամ տույժ։ Ուսումնասիրությամբ պարզվել էր նաև, որ «Հայփոստ»-ը 2015–2022 թվականներին ԱՄՆ-ում գրանցված իր դուստր ընկերությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին, մատակարարել էր նամականիշներ, սակայն միջոցներ չէր ձեռնարկել ապրանքի դիմաց գումարները ստանալու համար։ Արդյունքում առաջացել էր շուրջ 758 մլն դրամի դեբիտորական պարտք։ Ըստ ՊՎԾ-ի՝ 2019–2021 թվականներին զուտ շահույթի պակաս հաշվարկման հետևանքով պետական բյուջե չէր վճարվել նաև շուրջ 55 մլն դրամ շահութահարկ։ ՊՎԾ-ն արձանագրել էր, որ ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում «Հայփոստ»-ի գործադիր տնօրենը մեկ տարվա ընթացքում ստացել էր շուրջ 39 մլն դրամ պարգևավճար և 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցում, մինչդեռ նրա աշխատանքային պայմանագրով նախատեսված էր ընկերության զուտ ակտիվների նվազումը կանխելու պարտավորություն։ Վարձակալության պայմանագրերի խախտումների հետևանքով, ըստ ՊՎԾ-ի, ընկերությունը զրկվել էր առնվազն 82 մլն դրամից և կրել շուրջ 125 մլն դրամի վնաս։ Շինարարական աշխատանքներում արձանագրվել էին շուրջ 25 մլն դրամի խախտումներ, այդ թվում՝ չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ։ «Phoenix» ծրագրի սխալի հետևանքով աշխատակիցներից որպես պակասորդ պահվել էր շուրջ 24 մլն դրամ, ևս 17 մլն դրամ ծախսագրվել էր առանց հիմնավորող փաստաթղթերի։ Արձանագրվել էր նաև շուրջ 15 մլն դրամի խախտում՝ կապված առանց հիմնավոր պատճառների արտերկրում գտնված աշխատակիցներին ամբողջական աշխատավարձ վճարելու հետ։ Եվս շուրջ 448 մլն դրամի խախտումներ էին հայտնաբերվել դուստր ընկերությանը տրամադրված փոխառությունների, աշխատանքից ազատման հետ կապված տույժերի և այլ ծախսերի մասով։ ՊՎԾ-ն նաև հայտնել էր, որ «Հայփոստ»-ը ստեղծման օրվանից չի պահպանել գնումների օրենսդրության մի շարք պահանջներ՝ գնումներն իրականացնելով առանց համապատասխան որակավորում ունեցող մասնագետների, անհրաժեշտ իրավական հիմքերի և փաստաթղթերի հրապարակման։ 2023 թվականի նոյեմբերի 1-ին ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ևս անդրադարձել էր «Հայփոստ»-ի ուսումնասիրությանը՝ հայտնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նրա խոսքով՝ առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստերը հիմնականում առնչվում էին պաշտոնատար անձանց բարձր աշխատավարձերին ու պարգևավճարներին այն պայմաններում, երբ ընկերությունն աշխատել էր վնասով։ «Հայփոստ»-ում արձանագրված 4,1 մլրդ դրամի խախտումների վերաբերյալ ուսումնասիրության ամբողջական տեղեկանքը ՊՎԾ-ն չի տրամադրել Factor.am-ին՝ պատճառաբանելով, որ այն կարող է տրամադրվել միայն օրենքով սահմանված մարմիններին։ Իսկ հրապարակված տվյալներով հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել 4,1 մլրդ դրամի հաշվարկը և պարզել, թե որ գումարներն են շարունակում մնալ չվերականգնված։ 2025 թվականի վնասը և մաշվածության ազդեցությունը 2025 թվականը «Հայփոստ» ՓԲԸ-ն համախմբված ֆինանսական հաշվետվություններով ավարտել է 523.2 մլն դրամ զուտ վնասով ։ Սակայն այդ արդյունքի չափի վրա էական ազդեցություն է ունեցել մաշվածության, ամորտիզացիայի և արժեզրկման հաշվապահական ծախսը, որը տարվա ընթացքում կազմել է շուրջ 932.6 մլն դրամ։ Միաժամանակ, նվազել են հասույթն ու համախառն շահույթը։ Նախորդ տարվա համեմատ նվազել են գործառնական վնասները, ինչը հիմնականում պայմանավորված է «Այլ ծախսերի» 10 անգամից ավելի նվազմամբ։ Միաժամանակ, գործառնական գործունեությունը շարունակել է բացասական մնալ։ Մյուս կողմից՝ հենց 2025 թվականին կառավարությունը «Հայփոստ»-ին տրամադրել է 866.5 մլն դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 7.66% տոկոսադրույքով , շահութահարկի պարտավորությունները մարելու նպատակով։ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ այդ պարտավորությունները ներառում էին նաև Սարյան 22 հասցեում գտնվող անշարժ գույքը «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ընկերությունում ներդնելու արդյունքում առաջացած շահութահարկը, որի հաշվարկված գումարը կազմել էր շուրջ 866,5 մլն դրամ։ ԲՏԱԱԲ նախարարությունից Factor.am -ին հայտնել են, որ այդ գումարը 2025թ․ վերջին ամբողջապես վճարվել է պետբյուջե։ Դրանից մեկ տարի առաջ՝ 2024-ին, պետությունը մոտ 1.95 մլրդ դրամով համալրել է «Հայփոստ»-ի կապիտալը։ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ «Հայփոստ»-ը պարտավորվել էր Համաշխարհային առևտրի կենտրոնի կապիտալում ներդնել Սարյան 22 հասցեի՝ 6,788 մլրդ դրամ գնահատված անշարժ գույքը։ Սակայն գործարքից առաջացած շուրջ 820 մլն դրամի՝ հողամասի կադաստրային արժեքի և 1,132 մլրդ դրամի ԱԱՀ-ի պարտավորությունները ընկերությունը միջոցների սղության պատճառով չէր կարող ինքնուրույն մարել։ 24.7% բաժնեմաս «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ում 2024 թվականին «Հայփոստ»-ը Սարյան 22 հասցեում իրեն պատկանող՝ 6.788 մլրդ դրամ գնահատված անշարժ գույքը՝ Հայփոստի հայտնի շենքը, ներդրել է «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում՝ դրա դիմաց ստանալով 6 մլն 788 հազար բաժնետոմս և ընկերության 30.997529% բաժնեմասը։ 50 հարկանի երկնաքեր՝ Սարյանի թունելների վրա. ինչի մասին են լռում պաշտոնյաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշման հավելվածի 11-րդ կետով նախատեսվել է , որ ծրագրի մեկնարկից սկսած հինգ տարվա ընթացքում ներդրողը «Հայփոստ»-ից պետք է գնի վերջինիս պատկանող բաժնետոմսերը՝ ընկերության հիմնադրման պահին հայտարարված անվանական արժեքով և կառուցապատման փուլերին համապատասխան ժամանակացույցով։ 2024 թվականի ապրիլի 25-ի N 611-Ա որոշմամբ հաստատված բաժնետիրական համաձայնագրով վաճառքը բաժանվել է հինգ փուլի։ Յուրաքանչյուր փուլում նախատեսված է 1 մլն 357.6 հազար բաժնետոմսի վաճառք՝ մեկ բաժնետոմսը 1,000 դրամով, այսինքն՝ յուրաքանչյուր փուլում 1.3576 մլրդ դրամով։ Հինգ փուլերի ընդհանուր արժեքը կազմում է 6.788 մլրդ դրամ։ Ընդ որում՝ բաժնետոմսերի վաճառքի համար համաձայնագրում շուկայական արժեքի փոփոխությունից կամ գնաճից կախված վերագնահատման մեխանիզմ նախատեսված չէ. մեկ բաժնետոմսի վաճառքի արժեքը նախապես սահմանված է 1,000 դրամ։ Մինչդեռ ծրագրի ծախսային հաշվարկներում տարեկան գնաճային ինդեքսավորումն առանձին հաշվի է առնված։ Արդեն 2025 թվականին իրականացվել է բաժնետոմսերի վաճառքի առաջին փուլին համապատասխան գործարք․ «Հայփոստ»-ի հաշվետվությունում բաժնետոմսերի օտարումից արձանագրված է 1.3576 մլրդ դրամ մուտք, իսկ WTC Yerevan-ում ընկերության բաժնեմասը 30.997529%-ից նվազել է մինչև 24.798023%։ Շահույթը, վնասը և պետության հետ ֆինանսական հարաբերությունները «Հայփոստ» ՓԲԸ համախմբված ֆինանսական հաշվետվությունները հնարավորություն են տալիս նաև համեմատել, թե տարբեր կառավարման փուլերում ինչ արդյունքներով է աշխատել ընկերությունը։ 2013–2015 թթ․ յուրաքանչյուր տարին առանձին ավարտվել է շահույթով։ 2016թ․ ընկերությունը աշխատանքը ավարտել է վնասով։ 2017-2018 թթ․ ևս ավարտվել է շահույթով իսկ 2019 տարիներն ընկերությունն ավարտել է զուտ վնասով։ 2020-ից հետո պատկերը փոխվել է։ Մինչև 2025 թվականը միայն 2023-ն է ավարտվել շահույթով։ Ըստ ընկերության հաշվետվությունների՝ տարբեր տարիներին վնասների վրա ազդել են տարբեր գործոններ՝ վաճառքի ինքնարժեքը, վարչական ծախսերը, ակտիվների օտարման միանվագ ծախսերը, ֆինանսական և փոխարժեքային կորուստները, ինչպես նաև՝ մաշվածության և ամորտիզացիայի զգալի ծախսերը։ 2013 թ․ հաշվետվությունում նշված է , որ 2006թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն ընկերության ֆինանսական գործունեության արդյունքներով գրանցված շահույթը, սկսած 2006թ․ բաշխման ենթակա չէ մինչև 2016 թ․ դեկտեմբերի 1-ը։ 2016 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «Հայփոստ»-ը հայտարարել է 2,886 մլրդ դրամի շահաբաժին, մինչդեռ նույն տարվա դրամական հոսքերի հաշվետվությունում որպես վճարված շահաբաժին արտացոլված է 2,309 մլրդ դրամ։ 2016 թվականի վերջում շահաբաժինների գծով պարտավորությունը կազմել է ընդամենը 800 հազար դրամ։ 2017 թվականին ընկերությունը հայտարարել է ևս 2,725 մլրդ դրամի շահաբաժին, որից 226 մլն դրամը նույն տարում վճարվել է։ Տարեվերջին չմարված պարտավորությունը կազմել է 2,5 մլրդ դրամ, որը նախատեսվում էր վճարել 2019թ․ հունվարին։ Այդ պարտավորությունը, սակայն, ժամանակին չի մարվել։ 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունում նշվում էր, որ 2,5 մլրդ դրամի վճարման ժամկետը 2020 թվականի հունվարն է։ 2018-2022 թվականներին ընկերության ֆինանսական հաշվետվություններում շահաբաժինների փաստացի վճարումներ չեն արձանագրվել։ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Կառավարությունը որոշել է երեք տարով հետաձգել 2011-2016 թվականների կուտակված շահույթից հաշվարկված 2,5 մլրդ դրամ շահաբաժնային պարտավորության վճարումը՝ սահմանելով, որ այն պետք է մարվի 2023-2027 թվականներին՝ տարեկան 500 մլն դրամով։ «Հայփոստի» ֆինանսական հաշվետվությունների՝ սեփական կապիտալում փոփոխությունների մասին բաժնում 2023 թվականին որպես շահաբաժին արտացոլվել է 6 մլն 951 հազար դրամ, իսկ 2024 թվականին՝ 66 մլն 61 հազար դրամ։ Երկու տարիների հանրագումարը կազմում է 73 մլն 12 հազար դրամ։ «Հայփոստի» ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2023 թվականին ընկերությունը վճարել է 500 մլն դրամ շահաբաժին, 2024 թվականին՝ 573 մլն 73 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ ևս 500 մլն դրամ։ Կառավարման մոդելի փոփոխությունը 2004 թվականի դեկտեմբերի 23-ին կառավարությունը N 1873-Ա որոշմամբ «Հայփոստ»-ի՝ պետությանը պատկանող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել էր «Կոնվերս Ինվեստ» ընկերության հավատարմագրային կառավարմանը։ 2006 թվականին այդ իրավունքները փոխանցվել են «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը։ Հավատարմագրային կառավարման մոդելը տարբեր երկարաձգումներով գործել է մինչև 2020 թվականի փետրվարը, որից հետո ընկերության կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (ներկայիս՝ ԲՏԱԱԲ նախարարությանը)։ 2006-ից գործող պայմանագրի համապատասխան դրույթներով՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթն» իրավունք ուներ ձևավորելու ընկերության գործադիր մարմինը և որոշելու ղեկավար անձանց աշխատանքի վարձատրության պայմանները։ Այսպիսով, «Հայփոստ»-ի վերջին տարիների ֆինանսական պատկերը միաժամանակ ներառում է մի քանի տարբեր գործընթաց։ 2023 թվականին Պետական վերահսկողական ծառայությունը ընկերությունում արձանագրել էր շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ, սակայն դրանց առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթը 2024 թվականի նոյեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայությունը հաստատված լինելու հիմքով։ Այդուհանդերձ, ամբողջությամբ պարզ չէ, թե արձանագրված խախտումների հետևանքով առաջացած գումարներից որքանն է վերադարձվել, և ինչ արդյունք են ունեցել դրանց փոխհատուցմանն ուղղված գործընթացները։ Միաժամանակ, 2024 թվականին պետությունը շուրջ 1,951 մլրդ դրամով համալրել է «Հայփոստ»-ի կանոնադրական կապիտալը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնում գույքային ներդրման հետևանքով առաջացած պարտավորությունները մարելու նպատակով։ Իսկ 2025 թվականին Կառավարությունը ընկերությանը տրամադրել է ևս 866,5 մլն դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 7,66% տոկոսադրույքով, շահութահարկի պարտավորությունների մարման համար։ Այդ ընթացքում ընկերությունն իր՝ 6.788 մլրդ դրամ գնահատված Սարյան 22-ի գույքը ներդրել է WTC Երևանում, իսկ մեկ տարի անց արդեն վաճառել է ստացած բաժնետոմսերի առաջին 20%-ը՝ նախապես պայմանագրով սահմանված արժեքով։ Արդյունքում «Հայփոստ»-ի բաժնեմասը WTC Երևանում 30.997529%-ից նվազել է մինչև 24.798023%։ 2025 թվականն ընկերությունն ավարտել է 523.2 մլն դրամ զուտ վնասով։ Այս պայմաններում շարունակում են բաց մնալ կարևոր հարցեր՝ ինչ չափով են փոխհատուցվել ՊՎԾ-ի արձանագրած ֆինանսական խախտումները, և ինչու հաշվետու եղանակող հանրությանը չեն ներկայացվում արձանագրված խախտումների վերաբերյալ արդյունքները։ Ինչպիսի արդյունք են ապահովել ընկերության ֆինանսական վիճակի բարելավմանն ուղղված պետական միջոցներն ու գույքային գործարքները։ Նյութի առաջին մասում անդրադարձել էինք «Հայփոստ» ՓԲԸ-ի թափանցիկությանը, ինչպես նաև հիմնական ղեկավար անձնակազմի աշխատավարձերի և պարգևավճարների աճի դինամիկային, քանի որ բացահայտվել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը ստանում է ամսական շուրջ 3.6 մլն դրամ՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար վարձատրություն «Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ Մարիա Խաչատրյան