Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է Երևանի պետական համալսարանում անցկացված քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել են Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառությունների հիման վրա հետիոտնային միջավայրի մատչելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Անդրադարձ է կատարվել բացահայտված խնդիրներին և դրանց լուծման առաջնահերթություններին։ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մատչելի միջավայրի ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և հասարակական կյանքում հավասար մասնակցության կարևոր նախապայման է։ ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետազոտության հիմնական արդյունքները, անդրադարձ է կատարվել բացահայտված խնդիրներին առնչվող հիմնական դերակատարների գործառույթներին, ինչպես նաև նախանշվել են հետագա աշխատանքի առաջնահերթությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել հետազոտության մասնակիցների հետ իրականացված երթուղային հարցազրույցների արդյունքներին և պատմությունների քարտեզին։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև այն հարցին, թե որքանով են հետազոտության արդյունքներն արտացոլում իրենց առօրյա փորձառությունները, ինչպես նաև առանձնացրել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ և լրացուցիչ ուշադրություն են պահանջում։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է մատչելիության ապահովումը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և հասարակական կյանքում լիարժեք ու հավասար մասնակցության կարևոր նախապայման՝ ընդգծելով այդ ուղղությամբ առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծմանն ուղղված հետևողական քայլերի անհրաժեշտությունը»։