Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ» Ամիսներ շարունակ թափուր մնացած՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ իշխանական ներքին պայքարն ավարտվել է․ ՔՊ վարչությունն ընտրել է նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս նշանակման հարցում առանցքային դերակատարում է ունեցել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամիսներ շարունակ քննարկումներ են ընթացել։ Տարբեր թեկնածուներ են դիտարկվել, սակայն իշխանական թիմը երկար ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում կայացնել․ հարմար թեկնածու չկար։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր պաշտոնից ազատվել է 2026 թվականի հուլիսի 31-ից՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատը ստանձնելու կապակցությամբ։ Այսպիսով՝ մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել շուրջ երկուսուկես ամիս։ Եվ ահա, հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում վերջապես որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրել ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս երեկ վայր է դրել պատգամավորական մանդատը։ Սակայն այս նշանակման հետևում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, միայն կադրային որոշում չէ, այլև ներիշխանական ազդեցության հարց։ Մարզպետի պաշտոնի համար տարբեր թեկնածուների պայմաններում այս պայքարում հաղթող է դուրս եկել Ռոմանոս Պետրոսյանը։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ջանքեր է գործադրել իր կադրին՝ Լիլիթ Ստեփանյանին, մարզպետ դարձնելու համար։ ԲԱՑԱՌԻԿ․ Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանին հեռացնել կուսակցությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ կուսակցության ներսում Արթուր Ստեփանյանի հարցը քննարկվել է ավելի վաղ, և նրա հեռացման հետևում ոչ միայն կուսակցական կարգապահության, այլև քաղաքական հավատարմության հետ կապված խնդիրներ են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Ստեփանյանի վարքագիծը լուրջ քննարկման առարկա է դարձել նաև ՔՊ վերահսկող հանձնաժողովում։ Իշխանական շրջանակներում կասկածներ են առաջացել, որ ՔՊ-ական համայնքապետը փորձել է քաղաքական «խաղեր տալ» իշխանության և ընդդիմության միջև՝ միաժամանակ պահպանելով իր դիրքերը իշխող կուսակցության ներսում։ Մասնավորապես, նախընտրական շրջանում Ստեփանյանը աջակցություն է ցուցաբերել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին, որ խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցի ընդդիմությունը։ Ահա և դրա համար էլ պատժվեց։ Համայնքապետը թերևս կարծել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության կգա «Ուժեղ Հայաստանը», և փորձել է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ մնալով ՔՊ-ի կազմում։ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ նախկինում առաջադրված երկու թեկնածուներից մեկը հերթական ընտրությանը հրաժարվի իր թեկնածությունն առաջադրելուց։ Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ դատավորները ներքին քննարկումների ընթացքում չեն բացառել նաև մեկ այլ սցենար․ նախկինում առաջադրված երկու թեկնածուներին՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանին և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, կարող է միանալ երրորդ թեկնածուն։ Այս դեպքում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը կծավալվի արդեն երեք թեկնածուների միջև։ Փաստացի, ՍԴ-ում դեռևս միասնական պատկերացում չկա, թե ինչ զարգացումներ կունենա նախագահի հերթական ընտրությունը։ «Հրապարակ». Վարչության պետի նշանածին են կալանավորել Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան Հայկ Մարդյանը, որին մեղադրում են խարդախության ու հափշտակության գործով: Նրան տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ընդ որում՝ մեղադրանքը չի առնչվում նրա փաստաբանական գործունեությանը։ Կլարա Գասպարյանը նախարար Սրբուհի Գալյանի «լյուբիմչիկներից» է (փոխնախարար Գալյանի օգնականն է եղել): Մեր աղբյուրը հաղորդեց, որ նա կապվել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ, «խնդրել», որ իր նշանածի համար նորմալ պայմաններ ապահովեն ՔԿՀ-ում. «Շուտով դուրս կհանենք էդտեղից, մի քանի շաբաթվա պատմություն է ընդամենը»։ «Փաստ». Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Գորիսի նախընտրական կուլիսային զարգացումներին, մասնավորապես՝ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարդ ու լարված փոխհարաբերություններին։ Նշել էինք, որ Առուշանյանը, գիտակցելով իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով սեփական էլեկտորատի կորուստը, փորձում է քարոզարշավը կառուցել ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա՝ նախընտրական ցուցակի առաջին քառյակում չընդգրկելով քպականների և առաջին 20-յակում նրանց թիվը հասցնելով նվազագույնի։ Անդրադարձել էինք նաև նրան, որ այս ցուցադրական հեռավորությունը լարվածություն էր առաջացրել ՔՊ տեղի կառույցներում, որտեղ «օրերն էին հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։ Այս հրապարակումից հետո, սակայն, ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել։ ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, ուղղակի ստիպել էր Առուշ Առուշանյանին հանդես գալ հարցազրույցով, որտեղ նրա արտահայտած մտքերն ավելի են խճճել ու խորացրել առկա ճգնաժամը։ Մանրամասները՝ տեսանյութում․