Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են անօդաչու թռչող սարք, որը փորձել է հարվածել թագավորության արևելքում գտնվող՝ ազգային նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի օբյեկտներից մեկին։ Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը։ «Չորեքշաբթի առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են անօդաչու թռչող սարք, որը փորձել է հարվածել Արևելյան նահանգում գտնվող՝ Saudi Aramco ընկերության Շայբա նավթահանքի օբյեկտներից մեկին»,- ասվում է նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը։ Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուի որսալու հետևանքով օբյեկտի տարածքից դուրս հրդեհվել է կապալառու ընկերություններից մեկին պատկանող ավտոմեքենա։ «Հարձակման փորձի հետևանքով զոհվել են երկու օտարերկրացի՝ Ֆիլիպինների և Նեպալի քաղաքացիներ։ Եվս երկու մարդ՝ Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներ, վիրավորվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նախարարությունն ընդգծել է, որ միջադեպը չի ազդել նավթային օբյեկտի արտադրական գործընթացների և աշխատանքի վրա։