Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է ՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության համատեղ կազմակերպած բարձրաստիճան երկխոսությանը՝ ներկայացնելով Հայաստանում մարդակենտրոն արդարադատության ապահովման, դատական գործընթացների արդյունավետության բարձրացման և արդարադատության մատչելիության բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Նախարարը կարևորել է քաղաքացիների և տնտեսվարողների կարիքներին արձագանքող համակարգի զարգացումն ու բարեփոխումների արդյունքների գնահատումը՝ մարդկանց համար ապահովվող իրական փոփոխություններով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Բարձրաստիճան երկխոսության քննարկումների շրջանակներում Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մարդակենտրոն արդարադատության ապահովման, դատական գործընթացների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներին: Անդրադարձ է կատարվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործմանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը և դատավարական ժամկետների կրճատմանը: Նախարարը կարևորել է քաղաքացիների և տնտեսվարողների կարիքներին արձագանքող արդարադատության համակարգի զարգացումը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունավետությունը պետք է գնահատել մարդկանց համար ապահովվող արդյունքներով՝ վեճերի ժամանակին և արդար լուծմամբ, ծառայությունների մատչելիությամբ, դատական ակտերի արդյունավետ կատարմամբ և հանրային վստահության ամրապնդմամբ։ Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել ոլորտում փոխհամագործակցությունը` հիմքում ունենալով ՏՀԶԿ-ի մարդակենտրոն արդարադատության չափման շրջանակը»,- ասվում է հաղորդագրությունում: