Սլովակիայի պետական բազմաթիվ կայքեր անջատվել են PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված կրիտիկական խոցելիության պատճառով։ Այս մասին հայտնել է Denník N լրատվական պորտալը։ Պորտալի փոխանցմամբ՝ պետական կայքերի մի մասն անջատելու կարգադրությունը ստացվել է Սլովակիայի կառավարության աշխատակազմից՝ Կիբերանվտանգության ազգային վարչության առաջարկության հիման վրա։ Մասնավորապես, չի գործում երկրի ներքին գործերի նախարարության կայքը։ Սլովակիայի հարևան Չեխիայում էլ Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանը մասնակիորեն անջատել է իր կայքը։ Ծրագրավորման լեզվի մշակողները խնդրի մասին հայտնել են հոկտեմբերի 20-ին և անվտանգության թարմացում թողարկել։ Հաքերները փորձում են օգտագործել PHP-ի կրիտիկական խոցելիությունը, որը կարող է նրանց հնարավորություն տալ հեռակա կարգով հրամաններ կատարել PHP-ով աշխատող վեբ սերվերներում։