Թուրքիան խորհրդարան կդիմի մանդատի հաստատման համար, որը թույլ կտա թուրք զինծառայողների տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ թագավորության և Պակիստանի հետ կնքված համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին չորեքշաբթի Reuters-ին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Party) պատգամավորներից մեկը։ Անանուն մնալու պայմանով պատգամավորը նշել է, որ մանդատը խորհրդարան կներկայացվի այն բանից հետո, երբ կհաստատվի համաձայնագիրը վավերացնող օրինագիծը։ Թուրքիան երեքշաբթի խորհրդարան է ներկայացրել երեք երկրների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև օգոստոսին ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը՝ վավերացման նպատակով։ Այս քայլով ՆԱՏՕ-ի՝ թվաքանակով երկրորդ խոշորագույն բանակն ունեցող Թուրքիան մոտենում է Էր Ռիադի հետ փոխադարձ պաշտպանության պաշտոնական պարտավորության ստանձնմանը, այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիան բախվում է հութիների հարձակումներին։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորը նշել է, որ համաձայնագրի շրջանակում այլ երկրներում տեղակայվող թուրքական զորքերը չեն մասնակցի հարձակողական գործողությունների։ Նրա խոսքով՝ սկզբնական փուլում կուղարկվեն տեխնիկական անձնակազմ և մասնագետներ՝ հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիաների և պաշտպանական այլ աջակցության ապահովման համար։ Ավելի վաղ Reuters-ին երկու պաշտոնյա հայտնել էին, որ Թուրքիայի ներդրումը, ինչպես սպասվում է, կսահմանափակվի ռազմական տեխնիկայի մատակարարմամբ, հետախուզական տվյալների փոխանակմամբ և սպառազինության համակարգերով։ Նրանք հավելել են, որ մինչ այժմ դաշինքի շրջանակում զորքերի տեղակայման այլ ձևեր չեն կիրառվել։ Թուրքիան, որը դատապարտել է հութիների հարձակումները, համաձայնել է նաև միանալ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի