Հետքը շարունակում է վիդեոդասերի միջոցով պատմել օգտակար գործիքների մասին, որոնք, մասնավորապես, լրագրողներին ու փաստերի ստուգմամբ հետաքրքրված անձանց կօգնեն գտնել օգտակար տվյալներ: Նախկինում արդեն պատմել ենք այն մասին, թե ինչպես կարելի է արդյունավետ որոնում կատարել համացանցում եւ սոցիալական ցանցերում, ստուգել լուսանկարներ եւ տեսանյութեր, գտնել կայքի տիրոջը, քարտեզներ ստեղծել, տեղորոշում կատարել, օգտվել բաց աղբյուրներից եւ այլն։ Մեր բոլոր վիդեոդասերը կարող եք գտնել այստեղ: Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է արբանյակային պատկերների միջոցով ուսումնասիրել Երկրի մակերևույթի վրա տեղի ունեցող փոփոխությունները։ Արբանյակային պատկերներն անփոխարինելի գործիք են լրագրողների ու փաստեր ստուգողների համար եւ հնարավորություն են տալիս հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերի վրա ուսումնասիրել այն ամենը, ինչը հնարավոր է դիտարկել երկնքից: Խոսելու ենք Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-2 առաքելության մասին։