Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ զբոսաշրջության ոլորտում առկա դրական միտումը կապված է ճիշտ վարվող քաղաքականության հետ։ Այս մասին նա լրագրողներին ասել է՝ պատասխանելով զբոսաշրջության վիճակագրության վերաբերյալ հարցին։ Ինչպես նա նշեց, զբոսաշրջության աճին նպաստել է նոր ուղիղ չվերթների ավելացումը։ «Մենք վարում ենք շատ ճիշտ քաղաքականություն։ Չնայած լուրջ մարտահրավերներին, մասնավորապես Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, որն անկասկած լուրջ բացասական ազդեցություն ունեցավ զբոսաշրջային հոսքերի վրա, այդուհանդերձ, զբոսաշրջության ոլորտում ունենք այնքան հստակ ձևավորված քաղաքականություն և այնքան գործիքներ, այդ թվում՝ զբոսաշրջության աջակցման, որ դա տվեց իր արդյունքները։ Չնայած նման մասշտաբի մարտահրավերներին, ընթացիկ տարում ևս գրանցեցինք շատ լավ աճ։ Դրան նպաստեց նաև նոր ուղիղ չվերթների ավելացումը, ինչի ուղղությամբ մշտապես ակտիվ աշխատում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Եթե ուշադրություն դարձնեք նոր հոսքերին, դրանք ուղղակիորեն կապված են նոր ուղիղ չվերթների հետ․ սա ամենօրյա աշխատանքի արդյունք է, և դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էկոնոմիկայի նախարարությանը և Զբոսաշրջության ադմինիստրացիային», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր հատվածում Վրաստան է այցելել 6 մլն 112 հազար 78 միջազգային ճանապարհորդ, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0.04%-ով։ Դրանցից 4մլն 404 հազար 872-ը զբոսաշրջային այցեր էին, ինչը տարեկան կտրվածքով 2.3% աճ է։ Ինչ վերաբերում է եկամուտներին, 9 ամսում դրանք հասել են պատմական առավելագույնի՝ 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 4.4%-ով (158.3 միլիոն ԱՄՆ դոլարով)։ The post Իրակլի Կոբախիձե․ Զբոսաշրջության ոլորտի աճը ճիշտ վարվող քաղաքականության և նոր չվերթների արդյունքն է appeared first on AliQ Media .