Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է սահմանել շինարարական աշխատանքները գիշերային ժամերին և շուրջօրյա իրականացնելու հստակ կանոններ։ Նախագծով նախատեսվում է տարբերակել ցածր աղմուկ առաջացնող, պայմանականորեն թույլատրելի և բարձր աղմուկ կամ թրթռում առաջացնող աշխատանքները, ինչպես նաև սահմանել բնակիչներին իրազեկելու և աղմուկը վերահսկելու պահանջներ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ շինարարական աշխատանքներն ավելի ճկուն կազմակերպել և կրճատել դրանց իրականացման ժամկետները՝ միաժամանակ պահպանելով բնակիչների հանգստի, առողջության և բարենպաստ կենսամիջավայրի պաշտպանության պահանջները։ Ըստ հիմնավորումների՝ գործող շինարարական նորմերը սահմանում են շենքերն ու տարածքները աղմուկից պաշտպանելու հիմնական պահանջները, սակայն բավարար չափով մանրամասնված չեն գիշերային և շուրջօրյա շինարարության պայմանները։ Հստակ սահմանված չեն նաև ըստ աղմուկի և թրթռման ազդեցության աշխատանքների տեսակները, բնակչության իրազեկման և աղմուկի վերահսկողության մեխանիզմները։ Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշ շինարարական աշխատանքների ընդհատումը կարող է տեխնոլոգիական սահմանափակումների պատճառով դժվար լինել կամ բացասաբար անդրադառնալ կառուցվող կառույցների որակի, ամրության, հուսալիության և անվտանգության վրա։ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է գործող՝ Պաշտպանություն աղմուկից շինարարական նորմերը լրացնել նոր հասկացություններով և առանձին բաժնով, որը կկարգավորի գիշերային ու շուրջօրյա շինարարության իրականացումը։ Մասնավորապես, նախատեսվում է՝ Նախագծով նախատեսվում է նաև սահմանել օրինակելի ցանկեր, որոնցով հնարավոր կլինի որոշել գիշերային ժամերին տարբեր տեսակի շինարարական աշխատանքների իրականացման պայմանները։ Կսահմանվեն նաև բնակչության և կազմակերպությունների իրազեկման օրինակելի շառավիղներ՝ կախված իրականացվող աշխատանքների տեսակից։ Ըստ հիմնավորման՝ նոր կարգավորումները կարող են արագացնել շինարարական աշխատանքները, ավելի արդյունավետ դարձնել աշխատանքային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաև նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը և կառուցված օբյեկտների ավելի վաղ շահագործմանը։ Միաժամանակ հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունները չեն նախատեսում մեղմացնել աղմուկի և թրթռման թույլատրելի մակարդակների պահպանման պահանջները։ Այսինքն՝ շինարարական աշխատանքների կազմակերպման հնարավորությունները կընդլայնվեն, սակայն աղմուկից պաշտպանության գործող պահանջները պետք է պահպանվեն։ Լուսանկարը մշակվել է արհեստական բանականությամբ