«Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Լիբիայի խորհրդարանի կողմից ծովային սահմանազատման համաձայնագրի վավերացմանը: Նա այն անվանել է կարևոր քայլ, որն ամրապնդում է Անկարայի իրավական հիմքերը Արևելյան Միջերկրական ծովում։ Բահչելիի գնահատմամբ՝ այս զարգացումը նպաստում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այլև Միջերկրական ծովում խաղաղության ու կայունության հաստատմանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման ուղիների անվտանգության ամրապնդմանը։ «Տրիպոլիից մինչև «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) ձգվող այս պատմական ուղին հստակ ցույց է տալիս, թե ինչպես են ընդլայնվել Թուրքիայի տեսլականը, դիվանագիտական կարողություններն ու ազգային կամքը։ Երեկ Թուրքիան ուղիներ էր փնտրում Տրիպոլի հասնելու համար, իսկ այսօր Միջերկրական ծովում պաշտպանում է սեփական իրավունքները, ինքն է որոշում իր ընթացքն ու կերտում իր ապագան», – նշել է Բահչելին։ Նա նաև նշել է, որ մեկ դար առաջ ծովային ուղիների սահմանափակման ծանր հետևանքները կրած Թուրքիան այսօր իր ծովային ներկայությունը դարձրել է ազգային անվտանգության, ինքնիշխան իրավունքների և տարածաշրջանային շահերի անբաժանելի մաս։ Բահչելին երախտագիտություն է հայտնել «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգի առաջմղմանը նպաստած անձանց, ինչպես նաև Լիբիայի օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ համաձայնագիրը վավերացնելու համար։ Աղբյուրը՝ TRT Haber The post «Գորշ գայլերի» առաջնորդը` «Կապույտ հայրենիքի» մասին appeared first on Ermeni haber ajansı .