ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով` լինեն հովիվներ, թե զինծառայողներ։ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով սահմանը հատած ադրբեջանցի հովվի վերաբերյալ հարցին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` նա եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին, ապա Միրզոյանը նշեց, որ նա չի կարող ադրբեջանական կողմին հանձնվել որպես մոլորված, քանի որ կատարվել է հանցագործություն: «Ինձ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ` մոլորվել է, փախել է, թե միտումնավոր է եկել։ Անկախ նրանից` նա մոլորվել է, թե ոչ, փախել է, թե ոչ, տեղի է ունեցել հանցագործություն, և դա ամբողջովին փոխում է պատկերը։ Բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն»,– ասաց նախարարը։Նա ընդգծեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։