Էբոլա հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում և Նիգերիայում։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Մասնագետները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Մինչ հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝ – 9552 հաստատված դեպք, – 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։ Քենիա Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության ներմուծված առաջին հաստատված դեպքը։ Մինչ հոկտեմբերի 20-ը Քենիայում արձանագրվել է՝ – 9 հաստատված դեպք, – 1 մահվան դեպք։ Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում, առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։ Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։ Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։ Նիգերիա Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին Բուժառուն մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին»,- ասվում է հաղորդագրությունում։ —00—ԼԱ The post Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում appeared first on 24News .