ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կդիտարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Բանակցությունները կարող են անցկացվել տեխնիկական խմբերի մակարդակով, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Ես նաև հույս ունեմ, որ այսօր հնարավորություն կունենանք քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը։ Հույս ունեմ նաև, որ կդիտարկեք Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, որոնց շրջանակում մենք կկարողանանք քննարկել կարգավորման հասնելու հաջորդ քայլերը»,- ասել է Ուիթկոֆը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ բանակցություններին կարող են մասնակցել տեխնիկական խմբերի ներկայացուցիչներ և մասնագետներ, որոնք մանրամասն կքննարկեն այդ հարցերը։ «Նույնիսկ եթե այսօր չկարողանանք այս հարցի վերաբերյալ վերջնական պատասխան կամ որոշում ստանալ, կարծում եմ՝ լավ կլինի քննարկել այն, որպեսզի դուք դիտարկեք նման առաջարկը»,- ընդգծել է Ուիթկոֆը։ Ամերիկացի բանագնացի կարծիքով՝ «մենք բոլորս և ամբողջ աշխարհը պատրաստ ենք դրան»։ Բացի այդ, ԱՄՆ նախագահի բանագնացը հայտնել է, որ իր հետ բերել է փաստաթղթեր, որոնցում ներկայացված են ուկրաինական հակամարտության կարգավորման մոտեցումները։ «Մեր կողմից մենք բերել ենք որոշ փաստաթղթեր, որոնցում շարադրված են ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու որոշ մոտեցումներ։ Խնդրում եմ Ձեզ մի փոքր ավելի ուշ ուսումնասիրել այդ փաստաթղթերը»,- ասել է Ուիթկոֆը։ Նա նաև հայտնել է, որ հանդիպմանը հեռախոսակապով կմիանա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, որը նույնպես ցանկանում է Պուտինին ներկայացնել մի քանի գաղափար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին