ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված խնդիրների մասին հրապարակումները «հին ճռռացող ձայնապնակ» է անվանում։ Նա այդ մասին խոսել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։Զախարովան ընդգծել է, որ այդ նյութերում որևէ փաստական բաղադրիչ չկա։ Նա չի բացառել, որ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հոդվածները պատվիրված են։ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հաշվի առնելով այն, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում անվտանգության հարցերին, առանձին լրագրողների մեկնաբանությունները միայն տարակուսանք են առաջացնում:Զախարովան նաև չի բացառել, որ նման հրապարակումները քաղաքական դրդապատճառներ ունեն Երևանում COP17–ի անցկացման ֆոնին։Զախարովան ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմակայունությանը՝ այն կայուն դարձնելով տարերքի մարտահրավերների նկատմամբ: Նրա խոսքով՝ հուսալիության ապացույցն այն է, որ անվտանգության բոլոր համակարգերը 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ աշխատել են նախատեսված կարգով:ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ անցած տարիների ընթացքում «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ զգալի ծավալի աշխատանքներ է կատարել ՀԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ: Հոկտեմբերի սկզբին հաստատվել է կայանը մինչև 2031 թվականը շահագործելու անվտանգությունը, համաձայնեցվել է 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ գործողության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նպատակով։«Ռոսատոմը» ՀՀ–ից դրական ազդակներ է ստանում իր առաջարկի առնչությամբ․ ԼիխաչովԱյս համատեքստում Զախարովան նշել է, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ընդգծում է կայանի աշխատանքի ժամկետի երկարացման հարցում իր շահագրգռվածությունը։ Զախարովայի խոսքով՝ նախատեսվում է արդիականացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման առանցքային համակարգերը, բոլոր միջոցառումներն իրականացվում են համաձայն ՄԱԳԱՏԷ-ի պահանջների ու չափանիշների: Ավելին` գործակալության մասնագիտական խումբը 2025 թվականին եզրակացություն է տվել, որ կայանը համապատասխանում է անվտանգության միջազգային պահանջներին։«Արդյոք այդ բոլոր փաստերն արտացոլվե՞լ են հիշյալ հրապարակումներում։ Չէ՞ որ դրանք փաստեր են։ Պատասխան՝ ո՛չ», - եզրափակել է դիվանագետը։Ավելի վաղ ադրբեջանական 1news.az–ն իր հոդվածում շոշափել էր Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հարցը՝ նշելով, թե իբր օդի, ջրի և հողի ռադիոակտիվ աղտոտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բնապահպանական և մարդասիրական հետևանքների՝ ազդելով դեպքի վայրից շատ հեռու գտնվող տարածքների վրա:Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։