Եթե ինչ-որ մեկը որոշի ինքնագործունեությամբ զբաղվել, դա իր սեփական պատասխանատվությունն է` մեր շարքերից հեռացնելու բոլոր հետևանքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Ստեփանավան համայնքում իրենց թեկնածուի կողմից ընտրակաշառք բաժանելու տեսանյութին։ «Որևէ ընտրակաշառքի պարագայում «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար մարմին ոչ միայն տեղյակ չի կարող լինել, այլ նաև մեր ներքին հանդիպումներում արգելել ենք»,- ասաց նա։ Դավիթ Ղազինյանը միաժաման հայտնեց, որ երկու օր առաջ եղել է Ստեփանավանում, զրուցել թեկնածուի և շտաբի պետի հետ և բազմիցս զգուշացրել, որ ոչ ոք չփորձի գումար բաժանելու տեսքով «արջի ծառայություն» մատուցել։ «Ես, ի տարբերություն իշխանությունների, սիրում եմ խոսել փաստերով. թող համարը տան, զանգենք այդ մարդուն, հասկանանք՝ ով է։ Եթե կլինի ինչ-որ մեկը, ով մեր անունից խոստում, ընտարակաշառք կխոստանա՝ ասեք։ Այդ թվում՝ մենք հաղորդում կներկայացնենք հանցագործության մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինքն էլ չի հերքում, որ տեսանյութերը մոնտաժվում են։ Իսկ ի՞նչ աստիճանի են մոնտաժվում։ 21-րդ դարում բացարձակ դժվար չէ մոնտաժով ինչ-որ բան կպցնել»,-ասաց պատգամավորը։ Դավիթ Ղազինյանը միաժամանակ շեշտեց՝ ՀԿԿ տարածած տեսանյութում երևացող գումարը կարող է նախատեսված լինել ցանկացած բանի համար, քանի որ մինչև 300 հազար դրամի գործարքները կարելի է կատարել կանխիկ տարբերակով։ Պատգամավորը միաժամանակ հարց հնչեցրեց՝ գրպանից գումար հանելն անպայման ընտրակաշա՞ռք է ենթադրում։ «Մարդիկ նաև աշխատավարձ են ստանում։ Իրենց տրամաբանությամբ՝ մարդիկ կես տարի աշխատում են, որ հետո կաշառքի տեսքով բաժանե՞ն։ Առհասարակ տարօրինակ է, որ ինչ-որ մեկն անընդհատ կաշառք է տալիս, բայց վերցնողներին այդպես էլ չեն կարողանում գտնել»,- ասաց նա՝ հավելելով, որ ուժեղ իշխանությունը նման քայլերի չի դիմում։ The post Գրպանից գումար հանելն ընտրակաշա՞ռք է ենթադրում. ՀԿԿ-ն չի հերքում, որ տեսանյութերը մոնտաժվում են. Ղազինյան appeared first on Ազգ .