ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայկական երկաթուղիների ապագայի վերաբերյալ հարցին ի պատասխան կոչ է արել սպասել հայ-ռուսական հանձնաժողովի աշխատանքի ժամկետի ավարտին:Նրա խոսքով՝ հայկական երկաթուղիներն առնվազն մոդեռնիզացման կարիք ունեն, քանի որ լոգիստիկ մեծ շարժման շրջանակներում տնտեսվարողները գնահատում են յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն և կիլոմետրը՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով և ճանապարհների ընտրություններով։ Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ TRIPP-ից հետո ապրանքները պետք է վերադառնան Հայաստանի տարածք՝ Երասխի շրջանում, սակայն այդ հատվածում ենթակառուցվածքը քանդված է, ուստի այն պետք է վերականգնվի։ Նա հավելեց, որ արևմուտքում կան գործընկերներ, որոնք ցանկանում են օգտվել երկաթուղուց, բայց ունեն իրենց սահմանափակումները, այդ թվում՝ պատժամիջոցներին վերաբերող։Նա նաև անդրադարձավ «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի՝ Հայաստան կատարած այցին։ Նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում որոշում էր կայացվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։Միրզոյանի խոսքով՝ ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն երեքամսյա ժամկետում փորձել գալ պատասխանների և լուծումների։«Տեսնենք, սպասենք, հնարավորություն տանք հայաստանցի և ռուսաստանցի գործընկերներին աշխատանքային խմբի շրջանակներում ինչ-որ լուծումներ գտնել, հուսով եմ՝ կգտնենք»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։