2026թ. հոկտեմբերի 25-ին Արմավիրի համայնքում համամասնական ընտրակարգով կանցկացվեն ավագանու ընտրություններ։ Ընտրապայքար, սակայն, չկա: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցությունը։ 2021թ. ընտրություններին ևս Արմավիրում մրցակցություն չի եղել․ կրկին միայն ՔՊ-ն է առաջադրվել, և ավագանու բոլոր 27 մանդատները բաշխվել են կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուների միջև։ Հետքն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ՔՊ-ի ավագանու 67 թեկնածուի գույքի, եկամուտների և դրամական միջոցների հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչ եկամուտներ ու կարողություններ ունեն, ինչ գույք են տնօրինում, ինչպես նաև ինչ տարիքային խմբում են և ինչ զբաղվածություն ունեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը ներառում են 2025թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2026թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։ Ցուցակի առաջին համարը Արմավիր համայնքի գործող ղեկավար Վարշամ Սարգսյանն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա հայտարարագրել է 10 մլն 358 հազ. դրամ աշխատավարձ և որևէ այլ եկամուտ չի նշել։ Հայտարարագիրը ներկայացնելու՝ 2026 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, նրա դրամական միջոցները կազմել են 4 մլն 900 հազ. դրամ։ Վարշամ Սարգսյանի միակ անշարժ գույքը Արմավիր քաղաքում գտնվող առանձնատունն է, որը նա ժառանգել է 2007թ.-ին։ Նա հայտարարագրել է նաև 2019թ. արտադրության Nissan Rogue մակնիշի ավտոմեքենա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2025 թ. տարեկան հայտարարագրում նշված է, որ Վարշամ Սարգսյանը վարկային միջոցներով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել։ ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանն է։ Մինչև 2018թ. իշխանափոխությունը նա Հանրապետական կուսակցության անդամ էր և զբաղեցնում էր Լուկաշին համայնքի ղեկավարի պաշտոնը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Կարեն Մկրտչյանը վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 8 մլն 392 հազ. դրամ աշխատավարձ։ Թեկնածուն այլ եկամուտներ չի հայտարարագրել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել։ Մկրտչյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ 1260 քմ տնամերձ հողամաս և 10 հազ. 800 քմ գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Երկուսն էլ նրան պատկանում են բաժնային սեփականության իրավունքով։ Կարեն Մկրտչյանը տուն և ավտոմեքենա չի հայտարարագրել։ Ցուցակի երրորդ համարը Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Լիանա Հայրապետյանն է։ Նրա միակ եկամուտը վերջին մեկ տարվա ընթացքում ստացած 7 մլն 263 հազ. դրամ աշխատավարձն է։ Դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Լիանա Հայրապետյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք։ Դրանցից երկուսը գտնվում են Արմավիր քաղաքում՝ 500 քմ հողամաս և 80 քմ բնակարան, որոնք նրան պատկանում են բաժնային սեփականության իրավունքով։ Երրորդը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում գտնվող 3000 քմ գյուղատնտեսական նշանակության հողամասն է, որը նրա միանձնյա սեփականությունն է։ Հայրապետյանն ունի նաև 2016թ. արտադրության Nissan Rogue մակնիշի ավտոմեքենա։ Ավագանու 67 թեկնածուի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից չորսը վերջին մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Մինչև 1 մլն դրամ եկամուտ է ունեցել 3 թեկնածու, 1-2 մլն դրամ՝ 5-ը, 2-5 մլն դրամ՝ 24-ը, իսկ 5-10 մլն դրամ՝ ևս 24 թեկնածու։ 10 միլիոն դրամ և ավելի եկամուտ է հայտարարագրել 7 թեկնածու։ Օրինակ՝ ցուցակի 28-րդ տեղը զբաղեցնող Ժորա Քանդոյանը, որն աշխատում է Արմավիր ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես տեղամասային պետ, հայտարարագրել է 35 մլն 735 հազ. դրամ եկամուտ։ Դրանից 30 մլն դրամը գոյացել է գյուղատնտեսությունից։ Ժորա Քանդոյանը հայտարարագրել է գյուղատնտեսական նշանակության 10 միավոր հողամաս, որոնցից 9-ը գտնվում են Սարդարապատ, մեկը՝ Կողբավան գյուղերում։ Ընդհանուր առմամբ, նրա հողատարածքները կազմում են 6,03 հա։ Հայտարարագրում նշված տվյալները ցույց են տալիս, որ գյուղատնտեսությունը նրա համար եկամտաբեր է։ 2026թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ավագանու 67 թեկնածուներից 51-ը դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Մինչև 1 մլն դրամ ունեցել է 2 թեկնածու, 2-5 մլն դրամ՝ 5-ը, 5-10 մլն դրամ՝ 4։ 10 միլիոն դրամ և ավելի դրամական միջոց են հայտարարագրել 5 թեկնածու։ Ցուցակի 47-րդ տեղը զբաղեցնող Արթուր Միքայելյանը Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավարն է։ Նա հայտարարագրել է 10 մլն դրամ դրամական միջոց՝ նշելով, որ գումարը գոյացել է գյուղատնտեսական մթերքների վաճառքից։ Ըստ հայտարարագրի՝ Արթուր Միքայելյանին պատկանում է 28,37 հա հողատարածք՝ Արմավիր քաղաքում և Նորավան գյուղում։ Արմավիր համայնքի ավագանու թեկնածուներից 4-ը գործազուրկ է, իսկ 63-ն աշխատում է։ Թեկնածուների տարիքային կազմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը միջին տարիքի է։ 18-24 տարեկանների խմբում մեկ թեկնածու կա։ 25-34 տարեկան է 15 թեկնածու, 35-44 տարեկան՝ 24-ը, 45-55 տարեկան՝ 19-ը։ 55-ից բարձր տարիքի է 8 թեկնածու։ 67 թեկնածուներից 45-ը տղամարդ է, 22-ը՝ կին։ Նրանցից միայն յոթն է անկուսակցական, իսկ մյուսները Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ են։ Թեկնածուների գույքային վիճակի վերաբերյալ հայտարարագրերի համաձայն՝ 23-ը գույք չի հայտարարագրել, իսկ 25-ը անշարժ գույք չի հայտարարագրել։ Նշենք, որ թեև թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սահմանված է Ընտրական օրենսգրքով, սակայն որևէ մարմին, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանց բովանդակությունը չի ստուգում: Այսինքն՝ ամեն ինչ թողնված է թեկնածուների բարեխղճության վրա, ինչը կարող է կասկածի տեղիք տալ, որ հայտարարագրում կարող են տեղ գտնել նաև ոչ հավաստի տեղեկություններ: