ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` ՌԴ–ից Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր ճանաչելու համար։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչ պետք է անի հայ գյուղացին, քանի որ այսօր խնդիրների առաջ է կանգնած։Նա նաև նշեց, որ ԵՏՀ կոլոգիայի նիստերից մեկի ընթացքում մի ուղղությամբ արդեն բարիեր ճանաչվել է։ Պապոյանը շեշտեց` նոյեմբերի 3-ին էլ է նիստ լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։ Նախարարը նշեց, որ օրինակ հայկական դեղձի վերաբերյալ դրված սահմանափակումն է սխալ եղել, քանի որ սահմանափակումը եղել է մայիսին, իսկ դեղձը հասնում է հուլիս–օգոստոս ամիսներին։ Այս մասին հայկական կողմը նշել է իր հիմնավորումներում։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։