ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է, որ հոկտեմբերի 31-ից գործարկվելու է կենսաչափական փաստաթղթերի (անձնագրերի և նույնականացման քարտերի) ստացման գործընթացի նախագրանցման առցանց հարթակը։ Նախագրանցման հնարավորությունը հասանելի կլինի «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում՝ www.haypass.am։ Ինչու է դա կարևոր. Նոր համակարգը թույլ կտա էապես կրճատել անձնագրային ծառայություններում հերթերն ու բյուրոկրատական քաշքշուկը։ Քաղաքացիները հնարավորություն կստանան նախապես ամրագրել սպասարկման օրը, ժամը, ընտրել հարմար գրասենյակն ու կատարել վճարումն առցանց եղանակով։ Հայտերի ներկայացման երկու եղանակները. 1. Խիստ նույնականացմամբ. Քաղաքացին անմիջապես ուղղորդվում է վճարման էջ: Ընտրում է սպասարկման իրեն հարմար գրասենյակն ու ժամը։ 2. Առանց խիստ նույնականացման. Ներկայացված տվյալները ավտոմատ համադրվում են Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Տվյալների ամբողջական համընկնման դեպքում. Քաղաքացին ընտրում է սպասարկման օրը, ժամը, հասցեն և կատարում վճարումը։ Անհամապատասխանության դեպքում. Քաղաքացին ուղղորդվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տվյալները ճշտելու և շտկելու։ Միայն լիազոր մարմնի կողմից հաստատումից հետո հնարավոր կլինի ամրագրել հերթը։