ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ից գործարկվելու է կենսաչափական փաստաթղթերի ստացման գործընթացի նախագրանցման առցանց հարթակը։ Հարթակը հնարավորություն կտա փաստաթղթավորման հայտ ներկայացնել երկու եղանակով՝ ✔️խիստ նույնականացմամբ, ✔️առանց խիստ նույնականացման։ «Խիստ նույնականացմամբ նախագրանցման գործընթացում քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ և սպասարկման իրեն հարմար գրասենյակ ընտրելու։ Առանց խիստ նույնականացման նախագրանցման դեպքում ներկայացված տվյալները կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Տվյալների ամբողջական համընկնման դեպքում քաղաքացին կկարողանա ընտրել սպասարկման օրը, ժամը և հասցեն, ինչպես նաև կատարել համապատասխան վճարումը։ Եթե ներկայացված տվյալները չհամընկնեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ, քաղաքացին կուղղորդվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տվյալները ճշտելու և անհրաժեշտության դեպքում շտկելու համար։ Տվյալների շտկումից և լիազոր մարմնի կողմից դրանց հաստատումից հետո միայն քաղաքացին կկարողանա ամրագրել սպասարկման օրն ու ժամը։ Նախագրանցման հնարավորությունը նշված օրվանից հասանելի կլինի «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում՝ www.haypass.am»,- ասվում է հաղորդագրությունում։