Ներառական միջավայրի ձևավորումը բոլորիս պատասխանատվությունն է, և յուրաքանչյուր երեխայի ձայնը պետք է լսելի լինի: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Միասին՝ բոլորիս ձայնով»՝ հանուն յուրաքանչյուր երեխայի խորագրով միջոցառմանը, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։ «Միջոցառման ընթացքում երեխաներն ու ծնողները ներգրավվել են տարբեր խմբային աշխատանքներում, ինչպես նաև ներկայացրել փոքրիկ երաժշտական համարներ։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխաների ձայնը լսելի դարձնելը և նրանց լիարժեք մասնակցության հնարավորություններն ապահովելը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայմաններ են։ Պաշտպանը կարևորում է ներառական միջավայրի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը»,-ասված է հաղորդագրության մեջ։