Իտալիայի կառավարությունը 500 զինվորական կուղարկի Միլան՝ հասարակական կարգն ապահովելու համար։ Il Messaggero թերթի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կհաստատվի հոկտեմբերի 20-ին՝ նախարարների խորհրդի արտահերթ նիստում։ Այս միջոցի մասին որոշում է ընդունվել վարչապետ Ջորջա Մելոնիի գլխավորությամբ իրավապահ մարմինների և ՆԳՆ ներկայացուցիչների խորհրդակցության ընթացքում։ Զինվորականները Միլան կուղարկվեն որպես ուժեղացում՝ անցած հանգստյան օրերին քաղաքում տեղի ունեցած անկարգություններից և ջարդերից հետո։ Միայն առևտրի ոլորտին՝ քաղաքի կենտրոնում գտնվող խանութներին ու բարերին, հասցված վնասը գնահատվում է 700 միլիոն եվրո։ Վնասները պայմանավորված են ինչպես վանդալիզմի, թալանի և կողոպուտի դեպքերով, այնպես էլ խանութների ու ռեստորանների հարկադիր փակմամբ։ Հոկտեմբերի 16-ին ամբողջ Իտալիայում բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել՝ ընդդեմ Ջորջա Մելոնիի կառավարության և նրա վարած քաղաքականության։ Սկզբում դրանք ուսանողական բողոքի ակցիաներ էին։ Առանձին միջադեպեր էին գրանցվել Հռոմում, Թուրինում և Բոլոնիայում։ Այնուհետև ցույցերը շարունակվել էին Միլանում՝ հաջորդող հանգստյան օրերին կենտրոնանալով քաղաքի կենտրոնում։ Կառավարության դեմ բողոքի ակցիաների մասնակիցները սոցիալական ցանցերում հայտարարել են «Հոկտեմբերի 17-ի շարժման» ստեղծման մասին և խոստացել ամեն շաբաթ՝ շաբաթ օրերին, ցույցեր անցկացնել։ Միլանի անկարգություններից հետո ձերբակալվել է շուրջ 200 մարդ։ Նրանց 80 տոկոսը 12-17 տարեկան անչափահասներ են։ Նույնականացումից հետո ձերբակալվածներին հանձնել են ծնողներին՝ ինչպես Իտալիայի քաղաքացիներին, այնպես էլ այլ երկրներից եկած ընտանիքների անդամներին։ Կալանքի տակ մնացել է 32 մարդ, որոնց մեղադրանքներ կառաջադրվեն հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը դիմադրելու համար։ Երկու օրվա ընթացքում վնասվածքներ է ստացել իրավապահ մարմինների ավելի քան 100 աշխատակից։