COP17-ի աշխատանքների մեկնարկի օրը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։ Ներկայացրել են համաժողովի օրակարգային առաջնահերթություններն ու ակնկալվող արդյունքները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումը, ֆինանսական միջոցների ներգրավումն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։ Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ Առաջնորդները հանուն բնության գագաթնաժողովը և Երևանի հռչակագիրը կարևոր քաղաքական ազդակ են հաղորդել մեր համատեղ աշխատանքին։ Այժմ մեր խնդիրն է այդ հանձնառությունները վերածել համաձայնեցված որոշումների և գործնական քայլերի։ COP17-ի նորընտիր նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ապահովելու բաց, թափանցիկ և ներառական երկխոսություն՝ ամրապնդելով կողմերի միջև վստահությունը և նպաստելով ընդհանուր լուծումների ձևավորմանը։ Նախարարը նշել է, որ նպատակն է Երևանում անցկացվող համաժողովի շրջանակում հանուն բնության գործադրվող համատեղ ջանքերը վերածել շոշափելի արդյունքների։