Հոկտեմբերի 19-ին Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործառնական ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում՝ հումանիտար կարիքների հասցեագրման և պարենային անվտանգության ապահովման ոլորտներում: Կարևորվել է ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը՝ միտված Հայաստանի պարենային համակարգերի ամրապնդմանը և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ՊՀԾ երկկողմ օրակարգային հարցերի, մասնավորապես՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին և ՊՀԾ՝ Հայաստանի 2026-2030 ռազմավարական պլանին: ԱԳՄԱ նախարարի տեղակալը բարձր է գնահատել դպրոցական սննդի ազգային համակարգի կայացման գործում ՊՀԾ-ի ներդրումը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը երեխաների առողջության, կրթության հասանելիության և տեղական գյուղատնտեսական արտադրության խթանման տեսանկյունից: Կարևորվել է այս ոլորտում Հայաստանի կուտակած փորձի փոխանակումն այլ երկրների հետ՝ նպաստելով դպրոցական սննդի կայուն համակարգերի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ ՄԱԿ80 բարեփոխումների շուրջ: Կարևորվել է բարեփոխումների շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման և հումանիտար գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև անդամ պետությունների ազգային առաջնահերթություններին համահունչ աջակցության ապահովումը։