ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում` քաղաքացու տան բակում, հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի պահվող կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Տեսչական մարմինը նյութերն ուղարկել Է ՀՀ քննչական կոմիտե։ «Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․–ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4–5 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։Բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներին տեսչական մարմինն առգրավել և տեղափոխել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ–ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3 մլն դրամ։