Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի մասնակիցները COP17-ի շրջանակում բողոքել են ոստիկանության գործողություններից՝ պնդելով, որ իրենց խոչընդոտել են պաստառներ բերել և երթ իրականացնել դեպի պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված «կապույտ գոտի»։ Բանախոսի խոսքով՝ պաստառները մեքենայից բերելու ժամանակ իրենց կանգնեցրել են ութ ոստիկան և արգելել դրանք տեղափոխել՝ առանց որևէ գրավոր որոշում կամ հիմնավորում ներկայացնելու։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածի մասին պետք է տեղեկանան COP17-ի քարտուղարությունն ու միջազգային կառույցները՝ որակելով միջամտությունը որպես քաղաքացիական հասարակության մասնակցության և մարդու իրավունքների սահմանափակում։ Բանախոսը նաև պնդել է, որ ակցիայի ութ կազմակերպիչների կողքով քայլել են քաղաքացիական հագուստով ԱԱԾ մի քանի աշխատակիցներ, որոնք իրենց ներկայությունը բացատրել են ակտիվիստների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ քաղաքացիներն իրենց ավելի ապահով են զգում առանց ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների ներկայության։ Նա քննադատել է նաև ոստիկանության միջամտությունը փոքրաթիվ հանրային հավաքներին՝ նշելով, որ, իր գնահատմամբ, մինչև 100 մասնակցով հավաքների դեպքում կազմակերպիչները պարտավոր չեն նախապես տեղեկացնել ոստիկանությանը։ Բանախոսը իշխանություններին մեղադրել է ժողովրդավարության մասին հայտարարություններին հակասող գործողությունների մեջ՝ խաղաղ բնապահպանական ակցիաները սահմանափակելու համար։ Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր հետևանքներին՝ բանախոսը զգուշացրել է ջրի և օդի աղտոտման, ինչպես նաև մարդկանց առողջությանը հասցվող վնասի վտանգների մասին։ Նրա պնդմամբ՝ հանքարդյունաբերության հետևանքով առաջացող վնասակար նյութերը կարող են տարածվել արոտավայրերում և բնակավայրերում՝ հանգեցնելով քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ բրոնխիտի և քաղցկեղի։ Նա վտանգների շրջանակը չի սահմանափակել Ջերմուկով կամ Սյունիքով՝ նշելով, որ դրանց հետևանքները կարող են անդրադառնալ Հայաստանի այլ բնակավայրերի վրա ևս։ Մանրամասները՝ տեսանյութում։