2026թ. հոկտեմբերի 25-ին Արմավիր համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նախորդ ընտրություններին ևս իշխող կուսակցությունը մրցակից չի ունեցել։ Սա նշանակում է, որ 2021թ.-ից ի վեր Արմավիր համայնքում ավագանու որոշումներն ընդունվել են առանց քաղաքական այլ ուժերի ներկայացվածության։ Ընդդիմության բացակայության պայմաններում առավել կարևոր են դառնում համայնքային իշխանության ընդունած որոշումները, դրանց հիմնավորումներն ու հանրային միջոցների ծախսման թափանցիկությունը: Ընտրություններից մի քանի ամիս առաջ Արմավիրի համայնքապետարանը սկսել է Երևան մեկնող ուսանողների անվճար տեղափոխման ծրագիրը։ Երկու ընկերությունների հետ կնքված պայմանագրերի առավելագույն արժեքը 86 մլն դրամ է։ Ըստ ավագանու՝ ծրագիրը սոցիալական նշանակություն ունի, սակայն այն հաստատվել է համայնքի 2026թ. բյուջեի ընդունումից հետո, իսկ ընտրություններից հետո ծրագրի շարունակականության վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Արմավիրի համայնքապետարանից Հետքին հայտնել են, որ ծրագրի հանրային քննարկումը կազմակերպվել է 2026թ.-ի փետրվարի 21-ին։ Իսկ մարտի 13-ին համայնքի ավագանին որոշել է այն ճանաչել սոցիալական։ Մինչդեռ համայնքի 2026թ.-ի բյուջեն ավագանին հաստատել էր դեռ 2025թ. դեկտեմբերի 26-ին։ Այսինքն՝ ուսանողների անվճար տեղափոխման ծրագիրը քննարկվել և հաստատվել է բյուջեի ընդունումից հետո։ Համայնքապետարանը չի պարզաբանել, թե ինչու նախաձեռնությունը ներառված չի եղել բյուջեի նախնական քննարկումների ընթացքում ներկայացված առաջնահերթությունների մեջ։ Ուղևորափոխադրման ծառայությունների գնման ընթացակարգի արդյունքում ընտրվել են Էլիտբաս և Բեսթ Բաս ընկերությունները։ Համայնքապետարանը նրանց հետ պայմանագրերը կնքել է 2026թ. հուլիսի 15-ին։ Էլիտբաս ՍՊԸ-ն տեղափոխում է միայն Արմավիր քաղաքի ուսանողներին՝ օրական մեկ անգամ Երևան և հակառակ ուղղությամբ։ Մեկ ավտոբուսի մեկ օրվա պայմանագրային գինը 99 հազար դրամ է։ Մինչև դեկտեմբերի 25-ը պայմանագրի առավելագույն արժեքը 25 մլն 800 հազար դրամ է։ Համայնքի մյուս 10 բնակավայրերի ուսանողներին տեղափոխում է Բեսթ Բաս ՍՊԸ-ն։ Մեկ ավտոբուսի մեկ օրվա գինը 97 հազար 940 դրամ է, պայմանագրի առավելագույն արժեքը՝ 60 մլն 200 հազար դրամ։ Ուղևորափոխադրումները նախատեսված են 50-65 տեղանոց ավտոբուսներով։ Էլիտբաս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ին։ Ընկերության սեփականատերերն են Գուրգեն Նիկողոսյանը և Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը։ Ընկերության 50%-ի իրական շահառուն Անի Սարգսյանի եղբայր Նարեկ Սարգսյանն է։ Գուրգեն Նիկողոսյանի ընտանիքը նույնպես բիզնես գործունեություն է ծավալում։ Նրա որդին՝ Մուշեղ Նիկողոսյանը, մի շարք ընկերությունների սեփականատեր է։ 2020թ.-ին նա ձեռք է բերել է նաև Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարանը, որը գործել է Մերի ֆիշ ընկերության միջոցով։ Բեսթ Բաս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ.-ի օգոստոսին։ Ընկերության սեփականատերը Սպարտակ Սարգսյանն է։ Նրա ընկերությունը 2024-2025 թվականներին ուղևորափոխադրման ծառայություններ է մատուցել նաև Մասիս համայնքում։ 2026թ.-ի օգոստոսի 18-ին Արմավիրի ավագանին հաստատել է ուսանողներին անվճար ուղևորափոխադրման տոմսեր տրամադրելու կարգը։ Ըստ այդմ՝ անվճար երթևեկելու իրավունք ունեն այն ուսանողները, որոնք միաժամանակ հաշվառված և փաստացի բնակվում են Արմավիր համայնքում, սովորում են առկա կամ հեռակա ուսուցման համակարգում և օգտվում են կանոնավոր ուղևորափոխադրումներից։ Առաջնահերթություն է տրվում սոցիալապես անապահով, բազմազավակ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների ուսանողներին։ Համայնքապետարանի տվյալներով՝ ծրագիրն այժմ սպասարկում է համայնքի 11 բնակավայրերի շուրջ 400 ուսանողի։ Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի խոսքով՝ նրանց թիվը կարող է ավելանալ։ Ուսանողների ուղևորափոխադրումը ֆինանսավորվում է ամբողջությամբ համայնքային բյուջեից՝ սոցիալական ոլորտին հատկացված միջոցներով։ Արմավիրից Երևան ուղևորափոխադրումների խնդիրների մասին Հետքը բազմիցս գրել է։ 2025թ. հունիսին հրապարակված մեր նյութում արձանագրել էինք, որ Արմավիր-Երևան երթուղին ժամանակավորապես սպասարկվում էր հնամաշ և անսարք Գազել-ներով, իսկ ուղևորները ստիպված էին օգտվել նաև յոթտեղանոց մասնավոր մեքենաներից։ Երթուղու սպասարկման 2021 թվականի մրցույթի արդյունքների շուրջ դատական վեճը շարունակվում է մինչ օրս։ Այն ժամանակ համայնքապետարանն ուսանողների անվճար տեղափոխման նախաձեռնությամբ հանդես չէր եկել։ Իսկ այժմ, երբ ուղևորափոխադրումների վիճակը համեմատաբար կարգավորվել է, համայնքը նման ծրագիր է սկսում՝ ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Գլխավոր լուսանկարը՝ էկրանակադրեր Վարշամ Սարգսյանի ֆեյսբուքյան հրապարակումից