ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել կառավարության կազմում կադրային մի շարք փոփոխություններ իրականացնելու առաջարկների փաթեթ։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դրանք քննարկվել են հոկտեմբերի 19-ի առավոտյան կայացած հանդիպման ընթացքում։ Միշուստինն առաջարկել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել նաև փոխվարչապետի պաշտոնում։ Սիլուանովը նախկինում ևս զբաղեցրել է այդ պաշտոնը։ 2018-2020 թվականներին նա եղել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը՝ միաժամանակ ղեկավարելով ֆինանսների նախարարությունը։ Փոխարենը Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյին առաջարկվել է նշանակել փոխվարչապետ և Հեռավորարևելյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ։ Ներկայումս այդ երկու պաշտոններն էլ զբաղեցնում է Յուրի Տրուտնևը։ Փոխվարչապետի պաշտոնում առաջադրվել է նաև տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի թեկնածությունը։ Միշուստինն առաջարկել է նրա փոխարեն տրանսպորտի նախարար նշանակել Ռոսավիացիա-ի ղեկավար Դմիտրի Յադրովին։ Եվս մեկ փոխվարչապետ կդառնա ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Իրինա Օկլադնիկովան։ Նրա թեկնածությունն առաջադրվել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Դմիտրի Գրիգորենկոն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը հավանություն է տվել Միշուստինի ներկայացրած բոլոր առաջարկներին։ ՌԴ Սահմանադրության համաձայն՝ կառավարության ղեկավարի առաջարկած թեկնածությունները պետք է ստանան Պետական դումայի հավանությունը։ Լուսանկարը՝ Наталья Селиверстова/РИА Новости