Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Կարգո բեռնային համալիրում կանխել են Հայաստանից դեպի ԱՄՆ խոշոր չափերի ծխախոտային արտադրանքի ապօրինի տեղափոխման փորձը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով ԱՄՆ արտահանել չհայտարարագրված ծխախոտ։ Ստացված տեղեկությունների իրացման արդյունքում հատուկ հսկողություն է սահմանվել տվյալ ընկերության կողմից արտահանվող բեռների նկատմամբ։ Մաքսային զննման են ենթարկվել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները, որոնց քաշը երկու անգամ գերազանցել է սովորական լամինատե դռների քաշը: Դռների կազմաքանդման արդյունքում դրանց ներսում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37 900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի, տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք։ Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն մեկ անգամ ևս հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ ապրանքները մաքսային հսկողությունից թաքցնելու փորձերից։