Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծայրահեղ լուրջ է որակել հոկտեմբերի 17-ին հանրապետությունն ընդգրկած անկարգությունների իրավիճակը։ «Ես դիմում եմ ձեզ ծայրահեղ լուրջ պահին»,- Ելիսեյան պալատից հեռարձակված հեռուստաուղերձում հայտարարել է նա։ Մակրոնի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիան ականատես է եղել «ձախ արմատական խմբավորումների սանձարձակ բռնություններին»։ Նա կառավարությունից պահանջել է դասեր քաղել տեղի ունեցածից և անել ամեն ինչ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ «Ստեղծված պայմաններում պրեֆեկտները քաղաքապետերի հետ համատեղ որոշումներ կընդունեն՝ քաղաքները, հանրային շենքերն ու առևտրային օբյեկտները պաշտպանելու համար։ Անհրաժեշտության դեպքում դա կարող է ներառել առանձին զանգվածային միջոցառումների արգելքը և այլ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»,- նշել է Մակրոնը։ Բացի այդ, նախագահը բոլոր քաղաքական կուսակցություններից և արհմիություններից պահանջել է «միանշանակ դատապարտել ցանկացած բռնություն և կոչ անել հանգստության»։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպում կանցկացնի նրանց ներկայացուցիչների հետ՝ «հստակ և հրապարակային դիրքորոշում ստանալու համար»։ Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ վեց ամիս անց՝ 2027 թվականի գարնանը, կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, «բանավեճերը պետք է ընթանան քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, այլ ոչ թե փողոցային բռնության միջոցով»։