Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը ՝ խոսված Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ ««Այսօր լցան գիրքս այս յականջս ձեր» (Ղուկ․ Դ 21)։ «Այսօր իրականացավ այս մարգարեությունը, որ լսեցիք ձեր ականջներով»։ Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, Տեր Հիսուսի այս խոսքը երկու հազար տարի առաջ Նազարեթի ժողովարանում հնչած Աստծո փրկարար ներկայության հռչակումն է, որով անցյալում տրված աստվածային խոստումը դառնում է ներկա իրողություն, իսկ մարգարեի խոսքը՝ կենդանի հանդիպում Աստծո և մարդու միջև։ Հիսուսը վերադառնում է Նազարեթ, որտեղ մեծացել էր։ Շաբաթ օրով, իր սովորության համաձայն, մտնում է ժողովարան, կանգնում է ընթերցելու, վերցնում Եսայի մարգարեի գիրքը՝ գտնելով այն հատվածը, որտեղ գրված է. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, քանզի նա ինձ օծեց և ուղարկեց՝ ավետարանելու աղքատներին, մխիթարելու սրտաբեկներին, ազատություն բերելու գերիներին, տեսողություն տալու կույրերին, ազատելու կեղեքվածներին և հայտարարելու, թե հասել է ժամանակը, երբ Տերը կփրկի իր ժողովրդին» (Ղուկ. Դ 18-19)։ Ապա Հիսուս փակում է գիրքը և նստում․ բոլորի աչքերը նրա վրա են սևեռվում՝ ասես արտասովոր արարք տեսնելու ակնկալիքով։ Հիսուս, սակայն, ասում է՝ բնագրից բառացի՝ «Այսօր այս գրվածքը լցվեց ձեր ականջների մեջ»։ Այսինքն՝ Եսայի մարգարեի խոսքը՝ գրված հին մագաղաթի վրա, մարմին է առել, դարձել կենդանի ներկայություն՝ Հիսուսի անձի, խոսքի և գործի միջոցով։ Մարգարեությունը դադարում է պարզապես ապագայի մասին խոսք լինելուց և արտահայտում է ներկայի մեջ գործող Աստծո փրկարար կամքը։ Հիսուս բացատրում է մարգարեի խոսքը՝ իր անձով բացահայտելով դրա իմաստը։ Նա Աստծո Օծյալն է, որի միջոցով Աստված մոտենում է մարդուն, մտնում նրա տառապանքի մեջ և բացում նրա ազատագրման ճանապարհը։ Եսայու մարգարեությունը դառնում է Փրկչի առաքելության ծրագիրը, և այդ ծրագրի առանցքում մարդն է՝ իր կարիքներով, վերքերով, կապանքներով, կուրությամբ ու հուսահատությամբ։ Աստված իր փրկարար գործը սկսում է այնտեղից, որտեղ մարդն իր անզորությունն է զգում և փրկության կարիք ունի։ Կարիքավորնե՛րը, որոնք ոչ միայն նյութական միջոցների պակաս ունեն, այլև զրկված են արժանապատվությունից, հույսից, ապագայի հեռանկարից։ Գերյալնե՛րը, որոնք բանտարկված են արտաքին կապանքների կամ ներքին վախերի, մեղքի, ատելության ու հուսահատության մեջ։ Կույրե՛րը, որոնք կորցրել են ճշմարտությունը ճանաչելու, բարին չարից զանազանելու և սեփական կյանքի իրական վիճակն ըմբռնելու կարողությունը։ Հարստահարվածնե՛րը, որոնց կյանքը ճնշված է անարդարությամբ, բռնությամբ, անտարբերությամբ ու մարդկային անգթությամբ։ Սրանք պարզապես հասարակության որոշ խավեր չեն։ Սրանք մարդկային գոյության այն վերքերն են, որոնց մեջ Աստված մտնում է իր ողորմությամբ։ Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Այս դրվագի մեջ ամենակարևոր բառերից մեկը «այսօրն» է, որը շարունակվում է եկեղեցու կյանքում՝ կիրակիից կիրակի, Սուրբ Պատարագի սրբազան արարողությամբ։ Ամեն անգամ, երբ Սուրբ Ավետարանը հռչակվում է եկեղեցում, Աստծո խոսքը կրկին հնչում է ներկա սերնդի համար։ Այն չի դառնում նոր խոսք իր բովանդակությամբ, որովհետև Աստծո ճշմարտությունը չի ծերանում, բայց դառնում է նոր հանդիպում մեզ համար, որովհետև այսօր մենք ենք կանգնած այդ խոսքի առջև՝ մեր այսօրվա փորձություններով, վախերով, մեղքերով և սպասումներով։ Նազարեթում Հիսուս հռչակում է մարգարեության իրականացումը, եկեղեցում լսում ենք շարունակվող փրկարար ներգործության հրավերը։ Ավետարանի հռչակմամբ Քրիստոս վերստին խոսում է մեզ հետ, Սուրբ Հոգին մեզ կանչում է դառնալու այն փրկության մասնակիցը, որն Աստված իրականացնում է իր Որդու միջոցով։ Ահա թե ինչու կիրակին Տիրոջ օրն է՝ հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպման օրը, երբ գալիս ենք եկեղեցի, որպեսզի մեր վերքերը դնենք նրա բժշկության առջև, մեր կապանքները՝ նրա ազատագրող զորության, մեր կուրությունը՝ նրա ճշմարտության առջև։ Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է։ Բայց եթե մենք համոզված ենք, որ կարիքավոր չենք, բժշկվելու, վերափոխվելու, ազատագրվելու կարիք չունենք, ապա ի՞նչ իմաստ ունի մեզ համար Փրկչի ներկայությունը։ Նույնիսկ կարող ենք անցնել եկեղեցու դռների առջևով՝ չգիտակցելով, որ այնտեղ մեզ սպասում է մեր կյանքի ամենակարևոր հանդիպումը։ Ավետարանչի խոսքով՝ «Լույսը խավարի մեջ լուսավորում է, բայց խավարը չկարողացավ հասկանալ նրան» (Հովհ. Ա 5)։ Աստծո լույսն ընդունելը նշանակում է նաև առերեսվել մեր վերքերին, ընդունել վերափոխվելու կարիքը և բացվել նրա շնորհի առաջ։ Սիրելինե՛ր, Նազարեթի այս դրվագում առանձնացնենք ևս մեկ կարևոր պատգամ։ Երբ Հիսուս մարգարեական հատվածը կարդալուց հետո նստում է, բոլորի աչքերը սևեռվում են նրա վրա։ Հիսուս նրանց ուշադրությունը հրաշքի տեսանելի ակնկալիքից ուղղում է դեպի լսելու խորհուրդը՝ հայտարարելով, որ մարգարեությունը «լցվեց ձեր ականջների մեջ»։ Սուրբ Գիրքը հաճախ է ընդգծում լսելու կարևորությունը. «Լսի՛ր, Իսրայե՛լ» (Բ Օր Զ 4)։ Այստեղ է, որ լսող ականջը դառնում է հնազանդ սրտի դուռ։ Հիսուսը փոխում է մտերմության ու պատկանելության մեր պատկերացումները։ Նա ասում է. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որոնք լսում են և գործադրում Աստծո խոսքը» (Ղուկ․ Ը 21)։ Նա չի նսեմացնում իր մորը կամ ընտանիքը, այլ բացահայտում է հոգևոր ընտանիքի ճշմարիտ հիմքը։ Աստծուն պատկանելը միայն արտաքին պատկանելություն չէ, ընտանեկան ժառանգություն չէ, ավանդույթի սովորական պահպանում չէ։ Դա կենդանի հարաբերություն է, որը ծնվում է Աստծո խոսքը լսելուց և այն գործադրելուց։ Սուրբ Մկրտությամբ մենք վերստին ծնվում ենք ի Քրիստոս, իսկ Սուրբ Դրոշմով ընդունում ենք Սուրբ Հոգու շնորհները։ Նույն Սուրբ Հոգին, որ իջավ Հիսուսի վրա, օծեց և առաջնորդեց նրան իր փրկարար առաքելության մեջ, գործում է նաև մեր կյանքում՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս, դեպի Աստծո խոսքի ունկնդրումը և դեպի այն գործերը, որոնցով մեր հավատքը պտուղ է տալիս։ Հետևաբար, Սուրբ Հոգու ներգործության առջև համառորեն ընդդիմանալը և ապաշխարության ու վերափոխման կանչի մերժումը, դիմադրություն է այն շնորհին, որով ազատագրվում ենք մեղքի ծառայությունից և հոգևոր հիվանդությունից։ Այս իմաստով Տեր Հիսուս զգուշացնում է Սուրբ Հոգու դեմ հայհոյանքի մասին (Մատթ․ ԺԲ 31-32)։ Եվ հիմա, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերադառնանք մեր բնաբանին. «Այսօր լցան գիրքս այս յականջս ձեր»։ Այսօր Քրիստոս շարունակում է բժշկել, ազատագրել, լուսավորել և ոտքի կանգնեցնել մեզ։ Քրիստոսի «այսօր»-ը կատարվում է մեր կյանքում, երբ նրա խոսքը մեր ականջներից հասնում է մեր սրտին և մեր սրտից՝ մեր գործերին։ Այս առիթով կուզենայի մեր երախտագիտությունը հայտնել Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր ծուխին՝ Տեր Դերենիկ քահանայի հովվությամբ, դպրաց դասին, երգչախմբին և ձեզ՝ սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, ձեր ջերմ ու սրտաբաց ընդունելության համար։ Շնորհակալ եմ ձեր աղոթական ներկայության, նվիրվածության և այն սիրո համար, որով այսօր ընդունեցիք ձեր թեմի առաջնորդին։ Թող ձեր համայնքի կյանքում Աստծո խոսքը միշտ հնչի կենդանի զորությամբ, իսկ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ձեր ընտանիքները զորանան հավատքով, հույսով ու սիրով։ Սուրբ Պատարագի ավարտին նաև օծեցինք Տիրոջը և սրբերին նվիրված սրբապատկերները՝ շնորհազարդելով սրբալույս Մյուռոնով։ Թող այդ սրբապատկերները ձեզ համար լինեն աղոթքի և հոգևոր զորացման աղբյուր։ Դրանց առջև աղոթելիս թող ձեր հայացքը բարձրանա դեպի պատկերված Քրիստոս և սրբերը, իսկ ձեր ականջը միշտ բաց մնա Աստծո կենդանի խոսքի առջև։ Թող Տերը մեզ շնորհի լսող ականջ, արթուն սիրտ և հնազանդ կամք, որպեսզի մեր կյանքում էլ կատարվի այն, ինչ հռչակվեց Նազարեթի ժողովարանում․ ամեն»։ –00—ՅՄ The post Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«COP17-ի հյուրընկալումը պատասխանատու քայլ է»․ Արարատ Միրզոյանի ելույթը համաժողովի բացմանը
24TV / 24News / 1 hour ago

Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք՝ չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին
24TV / 24News / 1 hour ago

Միացյալ Նահանգների հետ պատերազմից հետո Իրանն ամրապնդել է իր պաշտպանական կարողությունները
24TV / 24News / 1 hour ago

Արտյոմ Բանդիկյանը վերադարձել է ընդհանուր խումբ․ ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան
168 Jham / 38 minutes ago

Աստված կպատժի՞
168 Jham / 49 minutes ago

Կարող ենք անցնել եկեղեցու դռների առջևով՝ չգիտակցելով, որ այնտեղ մեզ սպասում է մեր կյանքի ամենակարևոր հանդիպումը. Ռուբեն Սրբազան
Aysor.am / 3 hours ago

Pope Leo XIV: ‘I have truly felt your support’
Aravot / 4 hours ago